Տաթև Ասլանյանը մասնակցել է ԵԽ «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդատվական համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը
սեպտեմբեր 30, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի 15-րդ խորհրդատվական համաժողովի շրջանակում անցկացված «Կրթության դերը կայուն ժառանգության պահպանման գործում» խորագրով քննարկմանը։
Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է արհեստական բանականության (ԱԲ) ազդեցությանը կրթության և մշակութային ժառանգության ոլորտների վրա՝ ընդգծելով, որ ԱԲ-ն կարող է զգալիորեն ընդլայնել մշակութային ժառանգության հասանելիությունը, սակայն չպետք է փոխարինի քննադատական մտածողությանը։ Նա կարևորել է հատկապես պատմության և մշակութային ժառանգության վերաբերյալ տարբեր, այդ թվում՝ միմյանց հակասող տեսակետների ներկայացման անհրաժեշտությունը։
Տաթև Ասլանյանն ընդգծել է ԱԲ գործիքների կիրառման թափանցիկության ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև կրթության, մշակույթի և տեխնոլոգիաների ոլորտների միջև համագործակցության կարևորությունը։
Նախարարի տեղակալը նաև նշել է, որ ԱԲ-ի միջոցով ձևավորվող պատմական և մշակութային բովանդակության նկատմամբ պատասխանատվությունը պետք է կիսեն չորս հիմնական դերակատարներ՝ տեխնոլոգիական ընկերությունները, մշակութային հաստատությունները, պետությունը և կրթական համակարգը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում արհեստական բանականության զարգացման գործընթացին։ Նախարարի տեղակալը նշել է, որ մշակվում է ԱԲ կարգավորման հայեցակարգ, որը սկզբնական փուլում նախատեսվում է կիրառել պետական համակարգում։ Միաժամանակ ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ Հայաստանի առանձնահատկություններին համապատասխան հավասարակշռված մոտեցում ձևավորելու նպատակով։
Անդրադառնալով թվային և ԱԲ հմտությունների զարգացման կարևորությանը՝ Տաթև Ասլանյանն ընդգծել է, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը պետք է զուգակցվի համապատասխան վերապատրաստման ծրագրերով՝ ձևավորելու այնպիսի մշակույթ, որտեղ ԱԲ-ն կընկալվի որպես աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու գործիք և օգնական։