ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է «Ինժեներական քաղաք»
օգոստոսի 18, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»։
«Ինժեներական ասոցիացիայի» նախագահ Արամ Սալաթյանը, NI-Emerson Հայաստանի տնօրեն Արսեն Առուստամյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի փոխնախագահ Անահիտ Պարզյանը և ծրագրերի ղեկավար Մարի Բարսեղյանը նախարարին ներկայացրել են «Ինժեներական քաղաքի» էկոհամակարգը, արդի ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիական հնարավորությունները։ Այցի ընթացքում քննարկվել են տարածքում տեղակայված ընկերությունների և առաջադեմ հետազոտական լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության հաջողված օրինակները։
Անդրադարձ է կատարվել նաև «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բազմակողմ գործունեությանը՝ մասնավորապես Ինժեներական քաղաքում իրականացվող նախաձեռնություններին, կրթական ծրագրերին, ինչպես նաև արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ճարտարագիտության, գիտահետազոտական և նորարարական էկոհամակարգերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Այցի շրջանակում կողմերը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, նորարարական լուծումների խթանման և առաջատար ընկերությունների համար բարենպաստ միջավայրի ձևավորման հեռանկարները։ Ընդգծվել է «Ինժեներական քաղաքի» փորձը՝ որպես պետություն-մասնավոր հատված համագործակցության հաջողված օրինակ, որտեղ պետական աջակցությունը, մասնավոր ընկերությունների ներգրավվածությունն ու միջազգային գործընկերությունը համատեղ նպաստում են տեխնոլոգիական և ինժեներական ներուժի զարգացմանը։
Կողմերը կարևորել են նման համագործակցության շարունակական ընդլայնումն ու նոր նախաձեռնությունների իրականացումը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի հետագա զարգացման նպատակով։