Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հարցազրույց է տվել «Diplomatic World» միջազգային պարբերականին

նոյեմբեր 17, 2026

«Diplomatic World» միջազգային պարբերականը հրապարակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հարցազրույցը, որը կայացել է Ղազախստանում անցկացված «AI & Digital Bridge 2026» միջազգային ֆորումի շրջանակում։

Հարցազրույցում Տաթև Ասլանյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ արհեստական բանականության և տեխնոլոգիական նորարարության զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով ծառայությունների վրա հիմնված տնտեսությունից դեպի սեփական արտադրանք ստեղծող, նորարարության վրա հիմնված տնտեսություն անցնելու հավակնությունը։

Նա անդրադարձել է ԱԲ տնտեսության ձևավորման և դրա տարբեր ուղղությունների զարգացման կարևորությանը, ԱԲ ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում ներդրումներին, ստարտափների և հետազոտողների ներուժի բացահայտմանը։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև սուվերեն արհեստական բանականության զարգացմանը, տվյալների պաշտպանությանը և ԱԲ կիրառման հետ կապված ռիսկերի կառավարմանը։

Հարցազրույցում ներկայացվել են Հայաստանի մրցակցային առավելությունները, հաշվողական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ «ԱԲ գործարանների պարտեզ» մեգանախաձեռնությունը, ինչպես նաև NVIDIA-ի և Firebird-ի հետ ռազմավարական համագործակցությունը։

Տաթև Ասլանյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տեխնոլոգիական համագործակցության հեռանկարներին՝ ներկայացնելով, թե երկու երկրներն ինչ փորձ, գիտելիք և հնարավորություններ կարող են փոխանակել միմյանց հետ՝ արհեստական բանականության, թվայնացման, նորարարության և տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ուղղություններով։

Հարցազրույցում ընդգծվել է նորարարական էկոհամակարգի ձևավորման կարևորությունը, որը հնարավորություն կտա Հայաստանի տեխնոլոգիական ներուժը վերածել միջազգային շուկաներում մրցունակ արտադրանքի և կայուն տնտեսական աճի։

Ամբողջական հարցազրույցը՝ https://www.yumpu.com/en/document/read/71317868/diplomatic-world-magazine-81/160

«Diplomatic World»-ը Բրյուսելում հրատարակվող եռամսյա միջազգային պարբերական է, որն անդրադառնում է դիվանագիտությանը, միջազգային հարաբերություններին, քաղաքականությանը, տնտեսությանը, բիզնեսին, ֆինանսներին, արվեստին և մշակույթին։ Պարբերականի ընթերցողների թվում են դիվանագիտական կորպուսի, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, գործարար և վերլուծական շրջանակների ներկայացուցիչներ։ Այն հրատարակվում է տպագիր և թվային տարբերակներով։