Դավիթ Թադևոսյանը մասնակցել է «Դիջիթեք 2026»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին

սեպտեմբեր 23, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է «Դիջիթեք 2026» ամենամյա տեխնոլոգիական համաժողովին և ցուցահանդեսին նվիրված մամուլի ասուլիսին:

Նոյեմբերի 20–22-ը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվելիք 21-րդ «Դիջիթեքը» կրում է «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» (World’s New AI Hub) խորագիրը՝ ազգային ցուցադրությունից վերածվելով արհեստական բանականության առաջնակարգ միջազգային հարթակի:

Նախարարն իր խոսքում վերահաստատել է Հայաստանը համաշխարհային ԱԲ քարտեզի վրա որպես առանցքային տեխնոլոգիական հանգույց դիրքավորելու պետության հանձնառությունը:

Մամուլի ասուլիսի ընթացքում Դավիթ Թադևոսյանը մասնավորապես ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իրականացվող և նախանշված պետական քաղաքականության ուղղությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը:

««World’s New AI Hub» խորագիրը պարզապես թեմատիկ ձևակերպում չէ, այլ ուղերձ Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և մեր հավակնությունների մասին։ Մեզ համար կարևոր է միջազգային հետաքրքրությունը վերածել կոնկրետ և երկարաժամկետ արդյունքների»,– նշել է Դավիթ Թադևոսյանը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ «Դիջիթեք 2026»-ը կարևոր հարթակ է դառնալու Հայաստանի տեխնոլոգիական և արհեստական բանականության էկոհամակարգի միջազգային դիրքավորման, նոր գործընկերությունների ձևավորման և երկրի ներուժը համաշխարհային շուկային ներկայացնելու համար։

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանի խոսքով՝ 21-րդ անգամ անցկացվող այս նախաձեռնությունը բացվում է աշխարհի առջև՝ տեղական ընկերություններին միջազգային գործընկերություններ ապահովելու նպատակով։ Նա նաև ընդգծել է միջոցառման սոցիալական առաքելությունը, քանի որ եկամուտների մի մասն ուղղվում է «Արմաթ» լաբորատորիաներին, որտեղ անվճար ինժեներական կրթություն է ստանում ավելի քան 17 000 երեխա։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Էդիտա Ղազարյանն էլ ընդգծել է, որ Հայաստանն արհեստական բանականության ոլորտում շատ բան ունի առաջարկելու աշխարհին, և տեխնոլոգիական տաղանդի ու ԱԲ ենթակառուցվածքների շնորհիվ երկիրն ունի պատմական հնարավորություն դառնալու համաշխարհային ԱԲ հանգույց:

Այս համատեքստում NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն ընդգծել է, որ նպատակը ոչ միայն արհեստական բանականությունը Հայաստան բերելն է, այլև Հայաստանում ամբողջ աշխարհի համար ԱԲ լուծումներ ստեղծելը: NVIDIA-ի տեխնոլոգիական հենքը տեղական հետազոտողներին ու ձեռներեցներին հնարավորություն է տալիս ձևավորելու նոր տնտեսություն, իսկ «Դիջիթեքը» հարթակ է այդ հիմքը գործնական արդյունքի վերածելու համար։

Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն ընդգծել է, որ «Դիջիթեքը» տեխնոլոգիական ոլորտի առանցքային միջոցառում է, որի արդյունքներն ակնառու են։ Նրա խոսքով՝ միջոցառումն առանցքային դեր է ունեցել նաև Firebird-ի հիմնադրման գործում, քանի որ նախագծի գաղափարի շուրջ առաջին քննարկումները գործընկերների հետ տեղի են ունեցել հենց «Դիջիթեքի» շրջանակում՝ 2024 թվականին։ Եսայանը նշել է, որ այժմ արձանագրվում է Հայաստանի նկատմամբ շատ ավելի մեծ հետաքրքրություն, ինչի շնորհիվ «Դիջիթեքում» հյուրընկալվելու են միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ՝ հայաստանյան ընկերությունների համար ստեղծելով նոր համագործակցությունների և նախագծերի սկզբնավորման մեծ հնարավորություններ։ 

Krisp-ի համահիմնադիր և նախագահ Արտավազդ Մինասյանի դիտարկմամբ՝ եթե նախկինում «Դիջիթեքը» Հայաստանի ցուցադրությունն էր ինքն իրեն, ապա այժմ այն Հայաստանի ներկայացումն է աշխարհին՝ որպես համաշխարհային ԱԲ հանգույց, որտեղ NVIDIA-ի և Firebird-ի ենթակառուցվածքների շնորհիվ հարյուրավոր ընկերություններ հնարավորություն կստանան ստեղծելու ու թողարկելու առաջատար մոդելներ։

«Դիջիթեք 2026»-ը մի հարկի տակ կհամախմբի ընկերությունների, հիմնադիրների, ներդրողների և քաղաքականություն մշակողների ԱՄՆ-ից, Եվրոպայից, Արաբական ծոցի երկրներից և Կենտրոնական Ասիայից՝ նպատակ ունենալով արագացնել արհեստական բանականության գլոբալ արժեշղթայի զարգացումը:

Միջոցառման գլխավոր գործընկերներն են համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական առաջնորդները՝ NVIDIA-ն, Firebird AI-ը և Krisp-ը, իսկ ռազմավարական գործընկերները՝ Picsart-ն ու Netris-ը:

Ծրագրում ներառված են ավելի քան 100 կայացած ընկերությունների և 80 ստարտափների ցուցահանդեսային հատված, DigiHub («ինժեներները՝ ինժեներների համար») մասնագիտական սրահ, OpenTalks.AI միջազգային ձևաչափով քննարկումներ, B2B հանդիպումներ, BANA Angels-ի ներդրողների շրջայց և «ԱրմՌոբոտիքս» ինքնավար ռոբոտների առաջնություն: