COP17-ի շրջանակում կարևորվել է արհեստական բանականության կիրառումը կենսաբազմազանության պահպանության գործում
հոկտեմբեր 29, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «AI4COP. Sovereignty-Aligned AI for Biodiversity Diplomacy» աշխատաժողովին՝ հանդես գալով բացման խոսքով և մասնակցելով պանելային ձևաչափով քննարկմանը։
Գևորգ Մանթաշյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու քննարկման մասնակից փորձագետներին՝ կարևոր նախաձեռնության շուրջ համախմբվելու և մասնագիտական երկխոսության համար։ Նա ընդգծել է նման քննարկումների կարևորությունը արհեստական բանականության զարգացման, դրա պատասխանատու կիրառման և ազգային առաջնահերթություններին համապատասխան տեխնոլոգիական լուծումների ձևավորման տեսանկյունից։
Պանելային քննարկման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է արհեստական բանականության ոլորտում Հայաստանի իրականացրած նախաձեռնություններին, ընթացիկ ծրագրերին և զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ ապահովման, տվյալների հասանելիության և կիբեռանվտանգության կարևորությունը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ անդրադառնալով ԱԲ վիրտուալ ինստիտուտի նախաձեռնությանը և «ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգին, ինչպես նաև ամպային ծառայությունների և նորագույն տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։
Նա 1ընդգծել է, որ արհեստական բանականության ներուժի լիարժեք իրացման համար անհրաժեշտ է զարգացնել համապատասխան ենթակառուցվածքները, ապահովել բաց տվյալների հասանելիությունը, ամրապնդել կիբեռանվտանգությունը և հաշվի առնել ոլորտի զարգացմանն ուղեկցող մարտահրավերները։ Այս համատեքստում կարևորվել է այնպիսի պայմանների ձևավորումը, որոնք հնարավորություն կտան ԱԲ գործիքներն արդյունավետ և պատասխանատու կերպով կիրառել՝ ի շահ հանրային և մասնավոր հատվածների։
Անդրադառնալով հանրային ծառայությունների թվայնացմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է արհեստական բանականության կիրառման հնարավորությունները՝ ծառայությունների որակի բարձրացման, գործընթացների արագացման, ինչպես նաև ենթակառուցվածքների հասանելիության և մատչելիության բարելավման ուղղությամբ։
Քննարկման առանցքում են եղել նաև արհեստական բանականության և տեխնոլոգիական ինքնիշխանության փոխկապակցվածությունը և ազգային շահերին համապատասխան ռազմավարական լուծումների մշակումը։ Գևորգ Մանթաշյանն ընդգծել է այնպիսի տեխնոլոգիական մոտեցումների կարևորությունը, որոնք հնարավորություն կտան երկրներին օգտվել արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից՝ միաժամանակ պահպանելով վերահսկողությունը սեփական առաջնահերթությունների, տվյալների և որոշումների նկատմամբ։