Գևորգ Մանթաշյանը մասնակցել է CIPE-ի միջտարածաշրջանային համաժողովի բացմանը

հոկտեմբեր 01, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) նախաձեռնած «Տնտեսական ազատության և դիմակայունության խթանում» ծրագրի շրջանակում անցկացվող միջտարածաշրջանային համաժողովի բացմանը: 

Ողջույնի խոսքում Գևորգ Մանթաշյանը կարևորել է նախաձեռնությունը և անդրադարձել Հայաստանում ձևավորված պետություն-մասնավոր հատված արդյունավետ ու գործունակ մոդելին։

Նախարարի տեղակալն ընդգծել է մասնավոր հատվածում կուտակված մասնագիտական փորձն ու կարողությունները հանրային կառավարման համակարգում ներդնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ հաջողված օրինակները լավագույնս նպաստում են պետական քաղաքականությունների մշակմանն ու կառավարության ռազմավարական նպատակների իրագործմանը։ 

Գևորգ Մանթաշյանը վստահեցրել է, որ Հայաստանը ճկուն է և պատրաստակամ՝ միջազգային գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելու, ստեղծված հնարավորություններով կիսվելու, ինչպես նաև փոխադարձաբար լավագույն փորձն ու գիտելիքները փոխանակելու հարցում։ 

Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) նախաձեռնած «Տնտեսական ազատության և դիմակայունության խթանում» խորագրով միջտարածաշրջանային համաժողովը մեկ հարկի տակ է համախմբել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Բալկանների 10 երկրների գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական ազատությունը, դիմակայունությունը և մասնավոր հատվածի զարգացումը: Բիզնես կապերի հաստատումից զատ՝ մասնակիցները կփոխանակվեն լավագույն փորձով, կքննարկեն անդամակցության ընդլայնման, կառավարման, ֆոնդհայթայթման և համատեղ տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները։