Դավիթ Թադևոսյանը Մյունխենում հանդիպել է CEA-Leti հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սեբաստիան Դովեի հետ

նոյեմբեր 12, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Մյունխենում հանդիպել է Ֆրանսիայի CEA-Leti հետազոտական ինստիտուտի գործադիր տնօրեն Սեբաստիան Դովեի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կիսահաղորդչային հետազոտությունների և չիպերի նախագծման ինստիտուտի ստեղծման հեռանկարները, դրա հնարավոր գործունեության մոդելը, անհրաժեշտ ենթակառուցվածքները և միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները։

Նախարար Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է կիսահաղորդիչների հետազոտության և չիպերի նախագծման ոլորտում Հայաստանի փորձն ու ներուժը՝ ընդգծելով միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև տեղական մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը։

Քննարկման առանցքում եղել է կիսահաղորդչային ամբողջական էկոհամակարգի ձևավորման անհրաժեշտությունը, որը կմիավորի հետազոտությունն ու տեխնոլոգիական մշակումները, չիպերի նախագծումը և արդյունաբերության պահանջարկը՝ ապահովելով գիտահետազոտական կառույցների, բուհերի, ինժեներների և միջազգային ընկերությունների համագործակցությունը։

Միջազգային փորձի ուսումնասիրման համատեքստում անդրադարձ է կատարվել Իտալիայի Chips-IT կազմակերպության օրինակին, որը համագործակցում է համալսարանների հետ։ Քննարկվել են նաև Հայաստանում նմանատիպ կառույցի հնարավոր նախնական մասշտաբը, կազմակերպական մոդելը, ֆինանսավորման մեխանիզմները և անհրաժեշտ տեխնոլոգիական գործիքներին հասանելիության ապահովման հարցերը։ Մասնավորապես, ընդգծվել է չիպերի նախագծման համար անհրաժեշտ EDA գործիքների հասանելիության կարևորությունը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև մարդկային կապիտալի զարգացմանը՝ մասնագետների վերապատրաստման, միջազգային հետազոտական կենտրոնների հետ փոխանակման ծրագրերի, փորձագիտական ներգրավվածության և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

Կողմերը քննարկել են CEA-Leti-ի հնարավոր ներգրավվածության ձևաչափերը Հայաստանում, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվության, մասնագետների վերապատրաստման, միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման և համատեղ հետազոտական նախաձեռնությունների ուղղություններով։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները նախաձեռնության հայեցակարգի, կենտրոնի գործունեության նախնական մոդելի, անհրաժեշտ ռեսուրսների և հնարավոր միջազգային գործընկերությունների ուղղությամբ։