Նախարար Դավիթ Թադևոսյանը մասնակցել է կենսատեխնոլոգիաների և կյանքի գիտությունների ոլորտի զարգացմանն ուղղված քննարկմանը
նոյեմբեր 26, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը մասնակցել է կենսատեխնոլոգիաների և կյանքի գիտությունների ոլորտի պետական քաղաքականության, օրենսդրական և կարգավորող դաշտի կատարելագործմանն ուղղված միջգերատեսչական քննարկմանը։
Քննարկումը կազմակերպվել է «Նորարարության հայկական» հիմնադրամի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Նորարարության հայկական» հիմնադրամի տնօրեն Անահիտ Սարգսյանը, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում կենսատեխնոլոգիաների և կյանքի գիտությունների էկոհամակարգի զարգացմանը, առկա օրենսդրական և կարգավորող բացերին, ոլորտի առաջնահերթություններին և միջգերատեսչական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը։
Նախարար Դավիթ Թադևոսյանն իր խոսքում ընդգծել է կենսատեխնոլոգիաների ռազմավարական նշանակությունը Հայաստանի գիտատեխնոլոգիական և տնտեսական զարգացման համար՝ առանձնացնելով ոլորտում գիտահետազոտական աշխատանքի, մտավոր սեփականության ստեղծման և տեխնոլոգիաների փոխանցման կարևորությունը։
Նախարարը նշել է, որ կենսատեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի համար հնարավորություն է ստեղծում զարգացնելու բարձր ավելացված արժեք ունեցող, միջազգային շուկաներին միտված բիզնես նախաձեռնություններ՝ առանց ենթակառուցվածքներում մեծածավալ ներդրումների անհրաժեշտության։ Նա նաև ընդգծել է արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման մեծ ներուժը, մասնավորապես՝ կենսաբանական տվյալների վերլուծության, նոր դեղամիջոցների հայտնաբերման և հետազոտական գործընթացների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր առավելություն կարող է դառնալ նաև միջազգային գիտական և գործարար շրջանակներում ձևավորված հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը՝ տեղական նորարարությունները համաշխարհային շուկաներ հասցնելու նպատակով։
Անդրադառնալով ոլորտի կարգավորող դաշտին՝ նախարարը կարևորել է առկա իրավական բացերի համակողմանի ուսումնասիրությունը և միջազգային լավագույն փորձի հիման վրա համապատասխան կարգավորումների կատարելագործումը։
Նախարարն ընդգծել է, որ կենսատեխնոլոգիաների և կյանքի գիտությունների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է միասնական պետական մոտեցում և արդյունավետ միջգերատեսչական համագործակցություն՝ նպաստավոր միջավայր ձևավորելու, նորարարությունները խթանելու և միջազգային մրցունակ նախաձեռնությունների զարգացման համար։