Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները
հոկտեմբեր 08, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի շրջանակում անցկացված «Արհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարություն» խորագրով պանելային քննարկմանը։
Նախարարն ընդգծել է, որ համաշխարհային տեխնոլոգիական մրցակցության մեջ Հայաստանի հաջողության գրավականը ոչ թե բոլոր ուղղություններով միաժամանակ զարգանալն է, այլ այն ոլորտների նպատակային ընտրությունը, որտեղ երկիրն ունի միջազգային մակարդակով մրցունակ արդյունքներ ապահովելու ներուժ։
Որպես Հայաստանի համար հեռանկարային ուղղություններ՝ Դավիթ Թադևոսյանն առանձնացրել է համակարգչային տեսողությունն ու ընկալումը (Computer Vision & Perception), ինչպես նաև ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI)՝ կարևորելով գիտական հետազոտությունների, ինժեներական կարողությունների և տեխնոլոգիական ձեռներեցության փոխկապակցված զարգացումը։
Անդրադառնալով պետական քաղաքականության գործնական քայլերին՝ նախարարը նշել է, որ պետությունը Firebird AI ընկերությունից ձեռք է բերել 25 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվարկային ռեսուրսներ։ Դրանք նախատեսվում է օգտագործել պետական կառավարման համակարգում արհեստական բանականության կիրառման, հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաշվարկային ծախսերի սուբսիդավորման և գիտահետազոտական թիմերին անհրաժեշտ հզորությունների հասանելիության ապահովման նպատակով։
Խոսելով միջազգային համագործակցության և Հայաստանի երկարաժամկետ հավակնությունների մասին՝ Դավիթ Թադևոսյանն ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիների նպատակներից է «Researched in Armenia» գաղափարը միջազգային տեխնոլոգիական համայնքում բարձրորակ և հուսալի գիտահետազոտական ու ինժեներական աշխատանքի հետ նույնականացնելը։
Այդ նպատակին հասնելու համար պետությունը կարևորում է հետազոտական ենթակառուցվածքների զարգացումը, գիտության և բիզնեսի համագործակցությունը, վարչարարական խոչընդոտների նվազեցումը և միջազգային ներդրումների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը։