Մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը. նախարար Դավիթ Թադևոսյանը ողջունել է մասնակիցներին

հոկտեմբեր 02, 2026

Ինժեներական քաղաքում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է  «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026» ամենամյա միջոցառումների շարքը։ Այն այս տարի   անցկացվում է «Ֆիզիկական ԱԲ․ ճարտարագիտական բանականությունը իրական աշխարհում» (Physical AI: Engineering Intelligence for the Real World) խորագրի ներքո և նվիրված է արհեստական բանականության՝ թվային միջավայրից դեպի ֆիզիկական համակարգեր անցմանը և այդ ուղղությամբ նորարարական տեխնոլոգիական լուծումներին։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունել և միջոցառման կարևորությունն է ընդգծել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։

Իր ելույթում նախարարն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական օրակարգում արհեստական բանականության աճող դերին, ոլորտի զարգացման համար ձևավորվող հնարավորություններին և ճարտարագիտության հետ դրա փոխկապակցվածությանը։
«Այսօր տեխնոլոգիաներն այլևս չեն սահմանափակվում միայն թվային միջավայրով։ Արհեստական բանականությունը մտնում է ֆիզիկական աշխարհ՝ ռոբոտաշինություն, ինքնավար համակարգեր, խելացի սարքեր և արտադրական նոր լուծումներ։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում նաև Հայաստանի համար։ Մեզ համար կարևոր է, որ կարողանանք ոչ միայն օգտվել այս տեխնոլոգիաներից, այլև մասնակցել դրանց ստեղծմանը՝ զարգացնելով մեր ինժեներական, գիտական և արտադրական կարողությունները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այդ ամենին  հասնելու համար անհրաժեշտ է, որ կրթությունը, գիտությունը, բիզնեսը և պետությունը գործեն ավելի սերտ համագործակցությամբ։


Դավիթ Թադևոսյանի խոսքով՝ «Հայաստան – Ինժեներական շաբաթը» պարզապես մասնագիտական հանդիպումների շարք չէ։ Այն հնարավորություն է՝ տեսնելու, թե ինչ նոր գաղափարներ կարելի է զարգացնել և Հայաստանի ինժեներական ներուժն ավելի տեսանելի դարձնել միջազգային տեխնոլոգիական համայնքում։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն  իր ելույթում ընդգծել է ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման, նորարարության խթանման և համաշխարհային տեխնոլոգիական միջավայրում երկրի դիրքավորման գործում։

«Այսօր AI-ը տեխնոլոգիական զարգացման նոր փուլ է ձևավորում, և դրա ազդեցությունն արդեն դուրս է գալիս թվային միջավայրի սահմաններից։ Ֆիզիկական ԱԲ-ն այդ փոփոխության կարևոր դրսևորումներից է, որտեղ արհեստական բանականությունը, ինժեներական մտածողությունը, ռոբոտատեխնիկան, էլեկտրոնիկան և այլ առաջատար տեխնոլոգիաներ միավորվում են՝ իրական աշխարհի խնդիրների համար նոր լուծումներ ստեղծելու նպատակով։ Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ օգտագործելու մեր ինժեներական և գիտական ներուժը, ձևավորելու նոր աշխատատեղեր, մուտք գործելու համաշխարհային նոր շուկաներ և ապահովելու մեր երկրի նոր, ռազմավարական դիրքավորումն աշխարհում՝ ներկայանալով ոչ միայն որպես տեխնոլոգիաներ օգտագործող, այլև բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծող երկիր»,- ասել է Բագրատ Ենգիբարյանը։

Բացման ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև տեխնոլոգիական համագործակցությանը, նորարարական էկոհամակարգի զարգացմանը, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական ու ինժեներական գործընկերություններում Հայաստանի ներուժի կարևորությանը։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ի պաշտոնական բացման արարողությանը հաջորդել է Engineering Expo-ի մեկնարկը և մարդանման ռոբոտի ցուցադրությունը:

Միջոցառումները շարքը կշարունակվի հոկտեմբերի 3-ին՝ Ինժեներական քաղաքում, որտեղ կբացվի Ճարտարագիտական ցուցահանդես, կրթական-երիտասարդական գոտի, տեղի կունենան ոլորտային քննարկումներ։  Հոկտեմբերի 4 -ին այն կշարունակվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ կկայանան մարզային միջոցառումներ և եզրափակիչ քննարկումներ:

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և Ինժեներական ասոցիացիայի համագործակցությամբ։