Հայաստանում Apple-ի կողմից առաջին լիազորված կրթական ուսումնական կենտրոնը պաշտոնապես բացվել է ACT քոլեջում
օգոստոսի 21, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը օգոստոսի 20-ին մասնակցել են «Հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում» (ACT քոլեջ) տեղի ունեցած «Apple-ի կողմից լիազորված կրթական ուսումնական կենտրոնի» (Apple Authorized Training Center for Education-AATCE) պաշտոնական բացման արարողությանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Apple ընկերության Կենտրոնական Ասիայի և Հայաստանի հանրային քաղաքականության ու կառավարության հետ կապերի ղեկավար Ադիլխան Կոպաբաևը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ինչպես նաև գործընկերներ, դասախոսներ և ուսանողներ։
Գևորգ Մանթաշյանն իր խոսքում ընդգծել է՝ Հայաստանի ամենամեծ հարստությունը երկրի երիտասարդությունն է։ Նա նշել է, որ երբ համաշխարհային ընկերությունները, ինչպիսին Apple-ն է, ներդրում են կատարում հայ երիտասարդների կրթության մեջ, նրանք ներդրում են կատարում Հայաստանի ապագայի մեջ։
Մանթաշյանի խոսքով՝ ACT քոլեջի այս ձեռքբերման շնորհիվ հայ երիտասարդը կարող է ստանալ միջազգային մակարդակի կրթություն և որակավորում՝ առանց հայրենիքից հեռանալու։ Նրա գնահատմամբ՝ սա այն ուղին է, որով Հայաստանը դառնում է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց։
ACT քոլեջը Հայաստանի Հանրապետությունում առաջին կրթական հաստատությունն է, որին շնորհվել է Apple-ի լիազորված ուսումնական կենտրոնի կարգավիճակ։
AATCE-ն Apple ընկերության պաշտոնական հավատարմագրումն է, որը հաստատությանը հնարավորություն է տալիս իրականացնելու ընկերության հավաստագրված ծրագրերը և ուսանողներին նախապատրաստելու Apple-ի միջազգային որակավորման քննություններին։
Նոր կարգավիճակը հայ ուսանողներին թույլ կտա տեղում ձեռք բերել միջազգային ճանաչում ունեցող որակավորումներ՝ նպաստելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կրթական հանգույցի դիրքերի ամրապնդմանը։
ACT-ն հիմնական կրթության հիմքով պետական լիցենզիա ունեցող քոլեջ է, որը նորարարական կրթություն է տրամադրում թվային արվեստի, ճարտարագիտության և արտադրության, ինչպես նաև համակարգչային գիտության ոլորտներում։ Այն հիմնադրվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամի կողմից։