AMD-ի հետ քննարկվել են առաջադեմ հաշվողական և կիսահաղորդչային տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
նոյեմբեր 19, 2026
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է AMD ընկերություն և հանդիպել ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում AMD-ի առաջադեմ հաշվողական, ֆիզիկական արհեստական բանականության, կիսահաղորդչային և ներդրված համակարգերի տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
AMD ընկերությունը ՀՀ-ում ունի գործող հետազոտական գրասենյակ և շարունակում է գործունեության ընդլայնումը, այդ թվում օգտվելով ԲՏ ոլորտի աջակցման ծրագրերից: Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև ոլորտում մասնագիտական և ինժեներական կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Քննարկումների առանցքում են եղել ֆիզիկական արհեստական բանականության, բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերը, հարմարվողական և ներդրված հաշվողական տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց կիրառման հնարավորությունները տարբեր ոլորտներում։ Անդրադարձ է կատարվել նաև հետազոտությունների և մշակումների, ինժեներական նախագծման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման ուղղություններով համագործակցության ներկա փուլի ձեռքբերումներին և ապագա ծրագրերի հեռանկարներին։
Նախարար Դավիթ Թադևոսյանը նշել է, որ Հայաստանը նպատակ ունի ամրապնդել իր դիրքերը կիսահաղորդչային և առաջադեմ տեխնոլոգիաների միջազգային էկոհամակարգում՝ զարգացնելով տեղական մասնագիտական ներուժը և ընդլայնելով առաջատար ընկերությունների հետ գործընկերային կապերը։
Կարևորվել է AMD-ի հետ հետագա երկխոսության շարունակումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը ընդլայնման նպատակով։