Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին
օգոստոսի 12, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պարտականությունները կատարող Գևորգ Մանթաշյանն օգոստոսի 12-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային:
Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և ներկայացրել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ընթացիկ զարգացումներն ու ձեռքբերումները՝ առանձնահատուկ անդրադարձ կատարելով «ԱԲ գործարանների պարտեզ» նախագծի ռազմավարական նշանակությանն ու տեսլականին:
Ռուանդայի դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտան հետաքրքրվածություն է հայտնել երկկողմ գործընկերության ընդլայնման հարցում՝ ընդգծելով մասնավորապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, տեխնոլոգիական կրթության և ստարտափ էկոհամակարգերի ուղղություններում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում ԱԲ պատասխանատու կիրառմանը, պետական կառավարման թվային փոխակերպմանն ու էլեկտրոնային ծառայությունների ինտեգրմանը:
Հանդիպման ավարտին Գևորգ Մանթաշյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ կիսվելու նորարարական կիրառելի փորձով և ծավալելու շոշափելի արդյունքներին միտված երկկողմ համագործակցություն: