ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia ընկերություն

հուլիսի 03, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 3-ին այցելել է Align Technology Armenia ընկերություն։

Նախարարին ուղեկցել է ընկերության տնօրեն Նատալյա Սուվորովան, որը ներկայացրել է ընկերության հայաստանյան գրասենյակի գործունեությունը, իրականացվող նախագծերը, ինչպես նաև թիմի ներգրավվածությունը Align Technology-ի գլոբալ տեխնոլոգիական լուծումների մշակման գործընթացում։

Շրջայցի ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է ընկերության աշխատանքային միջավայրին, ծրագրային ապահովման մշակման և ճարտարագիտական լուծումների ստեղծման գործընթացներին, թվային ատամնաբուժության ոլորտում իրականացվող նորարարական նախագծերին, ինչպես նաև հայաստանյան մասնագետների մասնակցությամբ մշակվող բարձր տեխնոլոգիական արտադրանքին։

Այցի շրջանակում քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները, միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար Հայաստանի գրավչության բարձրացմանը, կրթություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնմանը և բարձր որակավորում ունեցող մասնագետների ներուժի շարունակական զարգացմանն առնչվող հարցեր։

Նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին՝ ընդգծելով Կառավարության նպատակը՝ դիրքավորել Հայաստանը որպես Դիփթեք (Deep-Tech) խաչմերուկ և տարածաշրջանային գիտահետազոտական (R&D) կենտրոն։ Այդ համատեքստում քննարկվել են ընկերության R&D ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ հարկային արտոնությունների շրջանակում, տաղանդների ներգրավմանն ուղղված նախաձեռնությունները, տեխնոլոգիական արդի միտումները և պետական աջակցության ծրագրերը։

Նախարարը կարևորել է նաև Հայաստանում միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների գործունեության ընդլայնումը՝ նշելով, որ այն ոչ միայն խթանում է բարձր ավելացված արժեք ստեղծող աշխատատեղերի ձևավորումը, տեղական մասնագետների մասնագիտական ներուժի զարգացումն ու նոր գիտելիքի և միջազգային փորձի փոխանցումը, այլև նպաստում է Հայաստանի դիրքավորմանը՝ որպես տարածաշրջանային բարձր տեխնոլոգիական և գիտահետազոտական կենտրոն։

Align Technology-ն բժշկական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություն է, որը գործում է ԱՄՆ-ում և ունի շուրջ 20 000 աշխատակից:

Հայաստանում ընկերությունը գործում է 2022 թվականից՝ իրականացնելով ծրագրային ապահովման, ճարտարագիտական և թվային մոդելավորման լուծումների մշակում։ Ընկերությունն ունի շուրջ 350 աշխատակից և ներառված է  ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում։ 2022–2025 թվականներին ընկերությունն օգտվել է ՀՀ կառավարության բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրից՝ ստանալով 2.6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն։