ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրները՝ ուշադրության կենտրոնում

սեպտեմբեր 17, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը։ Նախարարի տեղակալը արժևորել է միջազգային հարթակում հայ պատանիների արձանագրած հաջողություններն ու ցուցաբերած բարձր պատրաստվածությունը և ընդգծել  պետության հանձնառությունը՝ շարունակաբար քաջալերելու երիտասարդների մասնագիտական զարգացումը, խթանելու հետաքրքրվածությունն արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և STEM ուղղությունների նկատմամբ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը։

Միջոցառման շրջանակում ԲՏԱ և ԱԲ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության ռազմավարական նախաձեռնություններից մեկը՝ ԱԲ վիրտուալ ինստիտուտի նախագիծը՝  կարևորելով դրա առանցքային դերը Հայաստանում արհեստական բանականության նորարների աջակցման էկոհամակարգի կայացման, գիտահետազոտական ներուժի համախմբման և բարձր տեխնոլոգիական ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործում։ 

Հանդիպումը շարունակվել է պանելային ձևաչափով քննարկմամբ՝ նվիրված IOAI-ում հայ դպրոցականների նախապատրաստական աշխատանքներին, ձեռքբերումներին ու գրանցած արդյունքներին։ Մասնակից աշակերտները ներկայացրել են նախապատրաստման գործընթացը, պատմել նախորդ տարիներին օլիմպիադաներին մասնակցության ընթացքում ձեռք բերած փորձառության մասին, անդրադարձել օլիմպիադաների և մասնավորապես ԱԲ միջազգային օլիմպիադայի նշանակությանը՝ Հայաստանի տեխնոլոգիական ներուժի և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև միջազգային մրցակցային հարթակներում սեփական գիտելիքներն ու կարողությունները դրսևորելու տեսանկյունից։ Աշակերտները կիսվել են նաև իրենց հետագա ծրագրերով և մասնագիտական հետաքրքրություններով։

Հանդիպմանը ներկա են եղել բնագիտական և տեխնոլոգիական առարկայական օլիմպիադաներում (ինֆորմատիկա, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) բարձր ցուցանիշներ արձանագրած դպրոցականներ, տեխնոլոգիական ոլորտի, պետական կառույցների և կրթական համայնքի ներկայացուցիչներ։

Հայ աշակերտներն արդեն երկրորդ տարին անընդմեջ են մասնակցում AI-ի միջազգային օլիմպիադային, որի ազգային կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) է։ 

Հաջորդելով 2025-ին Չինաստանում գրանցած դեբյուտին՝ հայ աշակերտներն այս տարի Աստանայից վերադարձել են անհատական պայքարում նվաճված 2 բրոնզով,իսկ թիմային հաշվարկում Հայաստանի թիմերից մեկը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի 131 երկրի ներկայացուցիչների հետ պայքարում։