Տաթև Ասլանյանը մասնակցել է Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովին և ընդգծել թվային լուծումների և ԱԲ դերը
սեպտեմբեր 23, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը մասնակցել է սեպտեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովին:
Համաժողովի շրջանակում անցկացված «Բուժառու՝ առանց սահմանների. ԱԲ, հեռաբժշկություն և վստահություն միջսահմանային բուժօգնության մեջ» թեմայով պանելային քննարկմանը Տաթև Ասլանյանն իր ելույթում ընդգծել է արագ զարգացող տեխնոլոգիաների և պետական կարգավորումների համադրման առանցքային նշանակությունը։ Նա մասնավորապես նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացը հաճախ գերազանցում է իրավական դաշտի փոփոխությունների տեմպին, ուստի պետության առաջնահերթ խնդիրն է ձևավորել ճկուն, նորարարություններին աջակցող և միևնույն ժամանակ վստահելի թվային միջավայր:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մասնագիտական ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) և թվային գործիքների կիրառմանը՝ շեշտելով, որ դրանք պետք է ծառայեն որպես հզոր օժանդակ գործիք՝ ծառայությունների մատուցումն ավելի անհատականացված, հասանելի և կանխատեսելի դարձնելու համար: Այդ լուծումները պետք է ոչ թե պատնեշներ ստեղծեն, այլ ամրապնդեն ոլորտի հիմքում ընկած ամենակարևոր արժեքը՝ վստահությունը:
Պանելային քննարկման ընթացքում խոսնակներն անդրադարձել են, թե ինչպես թվային տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը կարող են բուժառությունը դարձնել ավելի պարզ, հասանելի և անհատականացված՝ միաժամանակ ապահովելով տվյալների պաշտպանությունն ու բժիշկ-բուժառու վստահությունը:
Քննարկմանը մասնակցել են ոլորտի առաջատար միջազգային և տեղական փորձագետներ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ: