Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

հոկտեմբեր 07, 2026

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին:

Արհեստական բանականության, թվային փոխակերպման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարածաշրջանային խոշորագույն հարթակներից մեկում նախարարի տեղակալը հանդես է եկել որպես գլխավոր  բանախոս՝ «Ո՞վ է սնուցելու ԱԲ տնտեսությունը» թեմայով պանելային քննարկմանը։

Տաթև Ասլանյանը ներկայացրել է ԱԲ ոլորտում մարդկային կապիտալի զարգացման, նորարարական կրթական ծրագրերի ներդրման, ինչպես նաև տեղական տեխնոլոգիական էկոհամակարգի ու ստարտափների ներուժի ամրապնդման ուղղություններով  Հայաստանի  առաջնահերթությունները:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ստարտափի հիմնադիր և ձեռնարկատեր լինելու իր փորձը օգնում ներկայիս պաշտոնում՝  նախարարի տեղակալը նշել է, որ այդ ճանապարհը ձևավորել է խնդիրների լուծման գործնական մոտեցում, որն այսօր կիրառում է նաև պետական կառավարման և քաղաքականության մշակման գործընթացում։ Նրա խոսքով՝ կարևոր է նախ ուսումնասիրել և հստակ ձևակերպել խնդիրը, պատկերացնել, թե ինչ վերջնական արդյունք է անհրաժեշտ ստանալ և կառուցել դրան հասնելու ճանապարհը։ Միաժամանակ,նա կարևորել է օգտատիրոջ իրական կարիքները հիմքում դնելը, սահմանափակումները որպես հնարավորություն դիտարկելը և տաղանդներին գործնական աճի ու փորձառության հնարավորություններ տալը։ Տաթև Ասլանյանի խոսքով՝ նույն տրամաբանությունը պետք է կիրառել նաև պետական քաղաքականության և օրենսդրական կարգավորումների մշակման ժամանակ՝ նախ հստակ հասկանալով, թե ինչ խնդիր ենք փորձում լուծել և ինչ արդյունք ենք ցանկանում ստանալ, ապա միայն ընտրելով դրա համար անհրաժեշտ գործիքներն ու մեխանիզմները։

Տաթև Ասլանյանը խոսել է սկսնակ մասնագետների աճի մարտահրավերներից, նշելով, որ  արհեստական բանականությունը կլանում է սկսնակ մակարդակի աշխատանքը, ինչի պատճառով սկսնակների պահանջարկը նվազում է, իսկ ավագ մասնագետներինը՝  մնում է բարձր:  Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է պետության, համալսարանների և ընկերությունների սերտ համագործակցության  կարևորությունը՝ կառուցվածքային մենթորության ու աշակերտության մոդելի միջոցով սկսնակներին իրական աշխատանքային փորձառությամբ ապահովելու նպատակով:

Նախարարի տեղակալը կարևորել է բուհերում հիմնարար գիտությունների՝ մաթեմատիկայի, վիճակագրության և ծրագրավորման ամուր բազայի ապահովումը, ինչը հնարավորություն կտա պետությանը կարճ ժամանակահատվածում  վերապատրաստել ԱԲ ոլորտի մասնագետներ:

Տաթև Ասլանյանն անդրադարձել է նաև Հայաստանում ԱԲ ոլորտում  իրականացվող մեգանախագծին՝  «ԱԲ գործարանների պարտեզ» նախաձեռնությանը, որի շրջանակում գործարկված Firebird AI և Eleveight AI հաշվողական կենտրոնների շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է GPU ռեսուրսների  ցուցանիշով:

Ամփոփելով ելույթը՝ Տաթև Ասլանյանը երիտասարդներին  խորհուրդ է տվել  չկորցնել ինքնուրույն մտածելու կարողությունը և թույլ չտալ, որ արհեստական բանականությունը փոխարինի մարդկային միտքը։ Նա կարևորել է անդադար սովորելու ձգտումը,  հետաքրքրասիրությունը, տեխնոլոգիաներին զուգահեռ արվեստ ուսումնասիրելը  ու ԱԲ-ի առաջարկած լուծումները մշտապես քննադատաբար վերլուծելը՝ միաժամանակ տիրապետելով հրահանգավորման (prompt engineering) ժամանակակից հմտություններին: 

Համաժողովի շրջանակում իրականացվել են  այցելություններ տեղի ԱԲ կենտրոններ,  աշխատանքային հանդիպումներ միջազգային գործընկերների, տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչների հետ՝ քննարկվել  համատեղ նախաձեռնությունների իրականացման և ներդրումային համագործակցության հնարավորություններ: