Գևորգ Մանթաշյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանում ԱԲ զարգացման առաջնահերթությունները
հուլիսի 07, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հուլիսի 6-8-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցում է տեղեկատվական հասարակության, թվային փոխակերպման և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտների հեղինակավոր միջազգային միջոցառումներին՝ Global Dialogue for AI Governance, AI for Good 2026 գլոբալ գագաթնաժողովին բարձր մակարդակի երկխոսությանը և World Summit on the Information Society (WSIS) Forum 2026 համաժողովին։ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող գլոբալ այս հարթակները համախմբում են պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների:
Global Dialogue for AI Governance բարձր մակարդակի երկխոսության պաշտոնական բացմանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ԱԲ-ն զարգանում է գլխապտույտ արագությամբ՝ գերազանցելով վերահսկողության մեխանիզմները։ Նա ընդգծել է, որ ընտրությունը գիտակցված կառավարման և ինքնահոսի մատնված ընթացքի միջև է՝ որպես առկա հիմնական մարտահրավերներ մատնանշելով տեխնոլոգիայի ինքնավար գործելու, ապատեղեկատվության տարածման, ինչպես նաև ռեսուրսների խիստ կենտրոնացման ռիսկերը:
Նշված մարտահրավերներին դիմակայելու նպատակով ՄԱԿ Գլխավոր քարտուղարն առաջ է քաշել չորս առանցքային առաջնահերթություն։ Նա, մասնավորապես, կոչ է արել ընդունել «Երեխաների անվտանգության հանձնառությունը»՝ պարտադիր դարձնելով համակարգերի անվտանգության փորձարկումները, սահմանելով զրոյական հանդուրժողականություն անչափահասների նկատմամբ բռնության պատկերների տարածման հանդեպ, ինչպես նաև ապահովելով ճգնաժամային իրավիճակներում երեխաների համար որակյալ մարդկային աջակցության հասանելիությունը:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարն ընդգծել է «կարմիր գծերի» պահպանման հրամայականը՝ շեշտելով, որ արդարադատության, առողջապահության և այլ բարձր պատասխանատվություն ենթադրող ոլորտներում վերջնական որոշումների կայացման իրավունքը պետք է մնա մարդուն:
Եզրափակելով խոսքը՝ Անտոնիու Գուտերեշը շեշտել է, որ մենք հավանաբար վերջին սերունդն ենք, որն ի վիճակի է սահմանել մարդու և մեքենայի համակեցության կանոնները։ Նա հորդորել է կերտել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կստեղծվի մարդկության կողմից, մարդկության հետ համագործակցությամբ և կծառայի ի բարօրություն ողջ մարդկության:
Global Dialogue for AI Governance բարձր մակարդակի երկխոսության կառավարական լիագումար նիստի շրջանակում ելույթ է ունեցել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Ելույթի առանցքում ԱԲ զարգացման, կառավարման և կիրառման ուղղությամբ Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններն էին:
Նախարարի առաջին տեղակալը կարևորել է ԱԲ պատասխանատու կառավարումը՝ շեշտելով, որ տեխնոլոգիական նորարարությունները պետք է ուղեկցվեն կիբեռանվտանգության ամրապնդմամբ, տվյալների պաշտպանությամբ և հիմնվեն մարդու իրավունքների միջազգային չափանիշների ու բովանդակալից մարդկային վերահսկողության վրա։
Գևորգ Մանթաշյանն առանձնացրել է ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները՝ ենթակառուցվածքային ներդրումներ, մարդկային տաղանդի զարգացում և պատասխանատու միջազգային գործընկերության ամրապնդում:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում մեկնարկած ռազմավարական նշանակության մի քանի խոշոր նախագծեր, որոնք միտված են համապարփակ ԱԲ էկոհամակարգի ձևավորմանը: Նա մասնավորապես առանձնացրել է ԲՏԱ նախարարության ռազմավարական նախաձեռնություններից մեկը՝ «ԱԲ վիրտուալ ինստիտուտը», որը ԱԲ նորարարներին, տեխնոլոգիական համայնքին և գիտնականների համար հարթակ է առաջատար ամպային ենթակառուցվածքներով ու հաշվողական ռեսուրսներով ապահովվելու, համագործակցության և ԱԲ լուծումներ ստեղծելու համար։
Նախարարի առաջին տեղակալի խոսքով Հայաստանը ԱԲ գործարանների «պարտեզի» (Garden of AI Factories) վերածելու տեսլականը իրականանում է Eleveight AI-ի, Firebird AI-ի գործարկմամբ։Գևորգ Մանթաշյանն ընդգծել է, որ արհեստական բանականության ապագայի արդյունավետ կառավարումը պահանջում է սերտ միջազգային համագործակցություն և ներառական երկխոսություն՝ պետության, գիտական շրջանակների ու մասնավոր հատվածի միջև:
Ելույթի ավարտին նախարարի առաջին տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու միջազգային գործընկերների հետ՝ հանուն կայուն զարգացման, համաշխարհային անվտանգության և համընդհանուր բարօրության:
Գևորգ Մանթաշյանը նաև հանդիպումներ է ունեցել հասարակական հատվածի գործընկերների, մասնավորապես՝ «AI House» նախաձեռնության (Շվեյցարիա) ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում եղել են հաջորդ տարի նախատեսվող «AI Impact Summit»-ի նախապատրաստական աշխատանքները, այդ հեղինակավոր հարթակում Հայաստանի դերակատարության ընդլայնման հնարավորություններն ու միջազգային համագործակցության նոր ուղղությունները։
Հատուկ անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ձեռքբերումների ներկայացմանը, գործընկերային կապերի ամրապնդմանն ու այնպիսի համատեղ նախաձեռնությունների մշակմանը, որոնք կխթանեն ԱԲ էկոհամակարգի զարգացումն ու կապահովեն շոշափելի արդյունքներ։
Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ նմանօրինակ գործակցությունները առանցքային քայլ են միջազգային առաջադեմ փորձի ներգրավման, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի՝ որպես ԱԲ առաջատար կենտրոնի դիրքերի ամրապնդման ճանապարհին։