Նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ԱԲ դարաշրջանի կրթության և կիբեռանվտանգության վերաբերյալ պանելային քննարկմանը
նոյեմբեր 19, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնության շրջանակում կազմակերպված «Պատրաստ ԱԲ-ին. կրթությունը, աշխատանքը և կյանքը Հայաստանում՝ արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Նորարարությունների և ԿԶՆ ֆինանսավորման պորտֆելի թիմի ղեկավար Տիգրան Ճորոխյանը։
Պանելային նիստի ընթացքում քննարկվել են կրթության վերափոխումը արհեստական բանականության դարաշրջանում, կիբեռանվտանգության մարտահրավերները, ինչպես նաև երիտասարդների և սոցիալական մեդիայի փոխհարաբերությունները։
Արամայիս Գրիգորյանի խոսքով՝ արհեստական բանականությունը փոխում է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը, այլև աշխատանքի, կրթության և առօրյա կյանքի կազմակերպման սկզբունքները։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի մարդկային կապիտալի զարգացումը, կրթական համակարգի հարմարեցումը նոր իրողություններին և ԱԲ գործիքների արդյունավետ ու պատասխանատու կիրառման հմտությունների ձևավորումը։
Անդրադառնալով կրթության վերափոխմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է կրթական համակարգում ԱԲ գործիքների ներդրմանը զուգահեռ քննադատական մտածողության, ստեղծարարության և վերլուծական կարողությունների զարգացումը։ Նա ընդգծել է, որ ԱԲ-ն պետք է դիտարկել որպես մարդու կարողություններն ընդլայնող գործիք, իսկ կրթության կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի նոր տեխնոլոգիաների պայմաններում ինքնուրույն մտածող և մրցունակ սերնդի ձևավորումը։
Կիբեռանվտանգության թեմայի շրջանակում շեշտվել է թվային միջավայրում անվտանգության մշակույթի զարգացման անհրաժեշտությունը։ ԱԲ տեխնոլոգիաների տարածմանը զուգահեռ փոխվում են նաև կիբեռսպառնալիքների բնույթն ու մասշտաբները, ինչն առավել կարևոր է դարձնում ինչպես տեխնոլոգիական պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այնպես էլ հասարակության իրազեկվածության բարձրացումը։
Անդրադառնալով երիտասարդների և սոցիալական մեդիայի փոխհարաբերություններին՝ կարևորվել են մեդիագրագիտությունը, տեղեկատվության արժանահավատությունը գնահատելու և թվային հարթակներից պատասխանատու օգտվելու հմտությունները։ Սոցիալական մեդիան և ԱԲ գործիքները երիտասարդների համար ստեղծում են ինքնադրսևորման, գիտելիքի ձեռքբերման և նոր հնարավորություններից օգտվելու լայն միջավայր, միաժամանակ առաջադրելով դրանց պատասխանատու օգտագործման և առկա ռիսկերի գիտակցման անհրաժեշտությունը։
«Արհեստական բանականության օրեր 2026»-ը կազմակերպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնությունն իրականացվել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։
Նախաձեռնությունը համաֆինանսավորել են Եվրոպական միությունը, Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ADA)։