Տաթև Ասլանյանը պետական գերատեսչություններում քննարկում է ԱԲ տեխնոլոգիաների և անհրաժեշտ հաշվողական ռեսուրսների հասանելիության ապահովման հնարավորությունները
սեպտեմբեր 15, 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը հանդիպումներ է անցկացնում պետական կառավարման համակարգի տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ՝ գնահատելու արհեստական բանականության (AI) կիրառման հնարավորություններն ու առկա կարիքները։
Այս փուլում հանդիպումներ են անցկացվել Արդարադատության, Աշխատանքի և բարեկեցության, Առողջապահության նախարարություններում, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, Երևանի քաղաքապետարանում, Պետական վերահսկողական ծառայությունում, Քաղաքաշինության, Պետական գույքի կառավարման, Քննչական, Կադաստրի կոմիտեներում, Հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներում։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետական մարմինների աշխատանքում AI/ML տեխնոլոգիաների կիրառման, հետազոտական ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև GPU-ների և անհրաժեշտ հաշվողական ռեսուրսների հասանելիության հարցերը՝ կարիքներն ու առկա խնդիրները հստակեցնելու և հետագա քայլերի պլանավորման համար անհրաժեշտ հետադարձ կապը հավաքագրելու նպատակով։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն ուղղություններին, որտեղ AI տեխնոլոգիաների կիրառումը կարող է առավել շոշափելի արդյունք ապահովել՝ բարձրացնելով պետական մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազեցնելով աշխատակիցների ծանրաբեռնվածությունը և բարելավելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա կմշակվի պետական հատվածում AI-ի կիրառման, հետազոտական նախագծերի իրականացման, էկոհամակարգի ձևավորման հետագա քայլերի ծրագիր՝ ներառելով առաջնահերթությունների սահմանում, անհրաժեշտ տեխնիկական աջակցության մեխանիզմների ձևավորում և պետական կառավարման համակարգում արդյունավետ ու նպատակային մոտեցումների մշակում։