Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ցուցադրված արտադրանքին և լուծումներին, ինչպես նաև շրջել թեմատիկ ցուցասրահներով, որտեղ ներկայացված էին ցամաքում, ծովում և օդում կիրառվող պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումներին, սարքավորումներին և համակարգերին:

Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր, ձեռք բերելու նոր գործընկերներ, ինչպես նաև «ԷԴԵՔՍ 2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ: Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Նմանատիպ գրառումներ