Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլն ավարտած աշակերտներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 7-ին մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում կայացած «Արհեստական բանականություն» դասընթացի առաջին փուլն ավարտած աշակերտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը։

Ծրագրին մասնակցել են Երևանի Լեոյի անվան դպրոցի 14 և Գյումրու ավագ դպրոցների 24 աշակերտներ, ովքեր հաջողությամբ ավարտելով դասընթացի առաջին փուլը՝ ներկայացրել են ավարտական նախագծեր: Դասերն իրականացվել են հիբրիդ եղանակով, որը համատեղում էր առցանց և առկա ուսուցումը՝ դպրոցի ուսուցչի և հեռավար դասախոսի աջակցությամբ։

Գևորգ Մանթաշյանը շնորհավորել է մասնակիցներին, ընդգծել  ծրագրի կարևորությունը և այն մեծ աշխատանքը, որը նախաձեռնել և իրականացնում են կազմակերպիչները։ Դիմելով դասընթացի մասնակիցներին՝ նախարարի առաջին տեղակալը կարևորել է  Հայաստանի համար այս ոլորտի զարգացման անհրաժեշտությունը, որում նրանցից յուրաքանչյուրը կարող է մեծ դերակատարություն ունենալ և հույս հայտնել, որ առաջիկայում ծրագրերի մասնակիցների քանակը էականորեն կավելանա:

Շնորհավորանքի խոսքով հանդես է եկել նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական խորհրդի անդամ, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը։ Նա ներկայացրել է նախորդ տարիներին ծրագրի շրջանակներում իրականացված գործունեությունը, անդրադարձել արհեստական բանականության ոլորտի առանձնահատկություններին, ինչպես նաև  դպրոցականների շրջանում ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանն ուղղված  աշխատանքներին։

Աշակերտներին շնորհավորել և մասնագիտական հաջողություններ են մաղթել նաև «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը, «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության» գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Դասընթացը ստեղծվել է ՏՀՏԳՄ-ի կողմից՝ «Սինոփսիս» ընկերության հիմնադրամի աջակցությամբ։ Բովանդակությունը մշակել է «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտը՝ հիմնվելով այս տարիքի համար նախատեսված միջազգային տարբեր դասընթացների վրա, իսկ փորձագիտական գնահատումն իրականացրել են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի արհեստական բանակության ոլորտի առաջատար փորձագետները:

Նմանատիպ գրառումներ