Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Երևանում անցկացվում է Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ը

«Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո Երևանում հունիսի 6֊7֊ն անցկացվում է Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը։

Հունիսի 6-ին՝ գագաթնաժողովի բացմանը, մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ Վրաստանից, Հունաստանից, Ղրղզստանից։

Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը, խոսել միջոցառման նպատակների, ոլորտի առաջնահերթությունների, մարտահրավերների և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։

Ներկաներին ողջունել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Նա անդրադարձել է ինտերնետի կարևորությանը, հնարավորություններին, մարտահրավերներին, տեղեկատվական անվտանգությանը և ինտերնետի հասանելիության հարցում երեխաների համար որոշակի սահմանափակումներին.

«Օրենսդրական մակարդակով աշխատանք է տարվում, որպեսզի կարողանանք անհրաժեշտ գործիքակազմ ստեղծել ընտանիքների, երեխաների, դպրոցների, հասարակական կազմակերպությունների համար, որոնք առնչվում են ինտերնետի հասանելիության սահմանափակմանը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան պաշտպանվելու այն կոնտենտից, որն անհրաժեշտ չէ իրենց»,- ասել է Հակոբ Արշակյանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է, որ մինչև 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսն ապահովվի լայնաշերտ ինտերնետի հասանելիությամբ, որը բավականին մեծ ցուցանիշ է ամբողջ աշխարհում։

«Ներկայում մենք առաջանցիկ տեմպերով ենք ընթանում դեպի այդ ցուցանիշը։ Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի 66,5 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, որը ներառում է բնակչության 96 տոկոսը։ Հատկանշական է նաև, որ այն բնակավայրերը, որոնք չունեն լայնաշերտ ինտերնետի հասանելիություն, ապահովված են շարժական ինտերնետով»,- նշել է Ավետ Պողոսյանը։

Գագաթնաժողովի մասնակիցներին ողջունել են նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը և «Ինտերնետ հասարակություն» կազմակերպության վաստակավոր տեխնոլոգ Միչուկի Մուանգին։

Կապի եվրոպական գագաթնաժողով 2023֊ն ունի երեք հիմնական ուղղություն`

  •  «Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները»,
  •  «Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը»,
  •  «Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար»։

Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ՝ «Internet Society» («Ինտերնետ հասարակություն», ԱՄՆ) կազմակերպության և Հայաստանի օպերատորների միության կողմից։

Նմանատիպ գրառումներ