Նմանատիպ գրառումներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Սատլանտիս» ընկերության հետ համագործակցությամբ մայիսի 23-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր աշխատաժողով՝ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի բնագավառներում տիեզերալուսանկարների կիրառման ուղղությունների վերաբերյալ։
Աշխատաժողովին մասնակցել են նախարարության, «Սատլանտիս» ընկերության պատասխանատուներ, ոլորտի մասնագետներ, Հայաստանի ագրարային համալսարանի դասախոսներ և ուսանողներ։
Ներկաներին ողջունել և աշխատաժողովին արդյունավետ ընթացք է մաղթել ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը։
Նախարարի տեղակալը փաստել է, որ մեկ տարվա թեստավորման աշխատանքներից հետո հայկական արբանյակը 100 տոկոսով աշխատում է։
«Մի քանի շաբաթ է՝ շահագործման է հանձնվել Կառավարման կենտրոնը։ Մեր մասնագետները պատրաստ են ընդունել արբանյակի կառավարումը։ Առաջիկա ամիսներին՝ և իրավաբանորեն և՛ տեխնիկապես արբանյակի կառավարումն արդեն կանցնի հայկական կողմին»,- ասել է Ավետ Պողոսյանը։
Նախարարի տեղակալն անդրադարձել է արբանյակի միջոցով ստացվող տեղեկատվությանը՝ տվյալներին և լուսանկարներին։ Նա նշել է, որ դրանք օգտագործվում են քաղաքաշինության, կադաստրային քարտեզագրության, գյուղատնտեսության պլանավորման, ջրային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անվտանգային նկատառումներով։
Ավետ Պողոսյանն ընդգծել է նաև աշխարհում տիեզերական ոլորտի զարգացման միտումներն ու խորհուրդ տվել աշխատաժողովին ներկա ուսանողներին մասնագիտանալ տիեզերական արդյունաբերության ոլորտներում։
Ներկաներին ողջունել է նաև «Սատլանտիս» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին։ Նա խոսել է ժամանակակից աշխարհում արբանյակների կիրառության կարևորության, ոլորտի գիտական նվաճումների, «Սատլանտիս»-ի, SpaceX-ի առաքելության մասին, նշել, որ առաջիկա տարիները տիեզերական ոլորտի համար կլինեն հեղափոխական։ Անդրադառնալով Հայաստանի արբանյակի թեմային՝ «Սատլանտիս» ընկերության գլխավոր տնօրենը կարևորել է ներդրված տեխնոլոգիանների գործառնական նշանակություն, քանի որ ներբեռնված տվյալները կարելի է օգտագործել տարբեր ոլորտներում։
Հայաստանի ագրարային համալսարանի տեխնոլոգիական ձեռքբերումներն է ներկայացրել համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։
Աշխատաժողովում թեմատիկ ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի և միջազգային կազմակերպությունների ոլորտային մասնագետներ։