Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռոբերտ Խաչատրյանը ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի, մասնավորապես՝ թվային կարիքների բավարարմանն ուղղված «Giga» նախաձեռնության կարևորությունը: Նախարարը նշել է, որ ունենալով բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները խթանելու և զարգացնելու ռազմավարական նպատակ, ստանձնելով Հայաստանում թվայնացման, նորարարության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում առաջընթացի ապահովման պարտավորություններ՝ ՀՀ ԲՏԱ նախարարությունը պատրաստակամ է սերտորեն գործակցելու հիմնադրամի հետ:

Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատրաստակամությունը՝ համագործակցելու երեխաների առցանց պաշտպանության, համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործման, դպրոցներում ինտերնետ հասանելիության ապահովման, տեխնոլոգիական ստարտափների աջակցման և մի շարք այլ հարցերում:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից շարունակաբար իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են Ադրբեջանի ագրեսիայից տուժած և տեղահանված երեխաների աջակցությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից համատեղ ներդրված «Giga» հարթակի կարևորությանը, վերջինիս շրջանակներում համագործակցության հնարավոր ուղղություններին, երեխաների առցանց անվտանգությանը, STEM կրթությանն և հմտություններին առնչվող, ինչպես նաև տեխնիկական, ոչ ֆորմալ, էլեկտրոնային կրթության և մի շարք այլ հարցերի։

Նմանատիպ գրառումներ