Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը ելույթ է ունեցել ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կայուն զարգացման տարածաշրջանային ֆորումում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մարտի 29-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կայուն զարգացմանը նվիրված տարածաշրջանային ֆորումի «Գործընկերություններ հանուն ներառական և կայուն թվային զարգացման» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։

Իր ելույթում Գևորգ Մանթաշյանը մասնավորապես նշել է, որ 2020 թվականից Հայաստանը հանդիսանում է «Գենդերային հավասարությանը միտված տեխնոլոգիաների և նորարարության գործողությունների» կոալիցիայի առաջատարներից մեկը։

«ՄԱԿ-ի հետ համատեղ մենք իրականացնում ենք տարբեր ծրագրեր՝ բարելավելու երիտասարդ կանանց և աղջիկների ձեռնարկատիրական հմտությունները և խրախուսելու նրանց գործունեությունը ՏՀՏ ոլորտում։ Այս նպատակին հասնելու համար ՄԱԿ-ի նախաձեռնություններից մեկը Accelerator#5 ծրագիրն է, որը Հայաստանում ավելի քան 300 աղջիկների և երիտասարդ կանանց տրամադրել է ծրագրավորման, բիզնեսի, մարքեթինգի և բիզնես անգլերենի ուսուցման դասընթացների հնարավորություն: Ծրագրի արդյունքում մշակվել են 10 նոր ստարտափ գաղափարներ և կազմավորվել 3 հայկական ստարտափներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տարբեր նախաձեռնություններ է իրականացնում, որոնք ուղղված են տեխնոլոգիական ոլորտում կանանց հզորացմանը։ ՀՀ թվայնացման 2021-2025թթ. ռազմավարությունով ևս նախատեսվում են կրթական ծրագրեր՝ միտված կանանց և աղջիկների թվային և տեխնիկական հմտությունների զարգացմանը։

Նախարարությունը նաև աջակցություն է տրամադրում այն սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին, որոնց ղեկավարները կանայք են։ 2021 թվականին նման ընկերությունների տեսակարար կշիռը՝ տրամադրվող դրամաշնորհային ծրագրերի շահառուների մեջ, կազմել է 16%»,- ասել է Գևորգ Մանթաշյանը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2022թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությունը կազմել է 43 %՝ 2021թ. 40 % -ի փոխարեն։

Եզրափակելով ելույթը՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է իրականացնել տարբեր ծրագրեր՝ տեխնոլոգիական էկոհամակարգում կանանց ներգրավելու, նրանց ներուժը բացահայտելու համար:

Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել էր Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO)՝ UNEP, UNIDO և UN Women-ի աջակցությամբ, այն կայացել է Ժնևում հիբրիդային ձևաչափով։

Նմանատիպ գրառումներ