Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը ողջունել է «Համընդհանուր ընդունում» (UA) շարժման տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին

Մարտի 28-ին Երևանում կայացել է «Համընդհանուր ընդունում» (UA) շարժման Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների տարածաշրջանային համաժողովը, որի նպատակն է համացանցում ազգային լեզվով հաղորդակցվելու հնարավորությունների ընդլայնումը։ «Համընդհանուր ընդունման օրը» այս տարի նշվում է առաջին անգամ։

Համաժողովին բացման ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը՝ հատկանշական համարելով համաժողովի անցկացումը Հայաստանում.

«Ինտերնետ կառավարմամբ զբաղվող «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան» (ICANN) կարևորում է ազգային այբուբեններով դոմենների տրամադրումը և դրանց առաջխաղացումը։ Որպես հնագույն այբուբեն ունեցող ժողովուրդ, մենք ևս կարևորում ենք, որպեսզի լատինատառ տիրույթից բացի, այլ այբուբեններով հաղորդակցությունը և հասցեների տրամադրումը համացանցում արագ զարգանա և օգտագործվի»,- նշել է Ավետ Պողոսյանը։

Ներկաներին ողջունել են նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, «Համընդհանուր ընդունման կառավարման խմբի» (UASG) նախագահ դոկտոր Աջայ Դատան, «RU դոմենի համակարգման կենտրոն»-ի (Coordination Center for TLD RU) տնօրեն Անդրեյ Վորոբյովը։ Նրանք անդրադարձել են համացանցի կարևորությանը, «Համընդհանուր ընդունում» շարժման պատմությանը, նպատակներին, դրանց իրականացման հնարավորություններին։

Այնուհետև կայացել են քննարկումներ «Համացանցում ներառականության ու բազմալեզվության բարձրացման ուղիները», «Ազգային դոմենների համընդհանուր ընդունումը և զարգացման խթանումը» թեմաների շուրջ։

Հայաստանի, Սերբիայի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ներկայացուցիչները համաժողովում ներկայացրել են, թե ինչ քայլեր են իրականացվում ազգային դոմենների և դրանցով գրանցված էլ. փոստերի համընդհանուր կիրառելիությունը համացանցում ապահովելու համար։

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել «Ինչպե՞ս նախագծել և զարգացնել հավելվածներ և համակարգեր՝ UA-ին աջակցելու համար», «Ինչպե՞ս են UA-ի խնդիրները ազդում համայնքի վրա» և այլ թեմաներով տեխնիկական դասընթացներ:

«Համընդհանուր ընդունում» (UA) շարժման Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների տարածաշրջանային համաժողովը կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիա»-ի և «Ինտերնետ ցանցի ազգային դոմենի կոորդինացիոն կենտրոն»-ի հետ համագործակցությամբ։

Շարժումը նախաձեռնել է «Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան» (ICANN)` համագործակցելով ոլորտի առաջատար Google, Apple և մի շարք այլ ընկերությունների հետ։

Նմանատիպ գրառումներ