Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառմանը

«ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում մարտի 11-ին կայացել է «Ներդրողի օր ՏՏ ոլորտի համար» միջոցառումը, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի աջակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը:

Բանախոսներն իրենց ելույթներում կարևորել են պետություն-մասնավոր հատված արդյունավետ և շարունակական երկխոսության ապահովումը՝ ի նպաստ Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման և կատարելագործման, անդրադարձել են ոլորտի խնդիրներին և նախանշել դրանց լուծման ուղիները:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում մրցունակ էկոհամակարգի ամրապնդման ուղղությամբ, ինչը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովման, այնպես էլ տեղական ստարտափ ընկերությունների կողմից հաջողություններ գրանցելու համար:

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանն էլ ընդգծել է, որ 2022 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն: Իսկ այդ բնագավառի աշխատակիցների թիվն առաջին անգամ գերազանցել է 40 հազարը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն կարևորելով միջոցառման իրականացումը նշել է, որ այն հնարավորություն է ստեղծել ևս մեկ անգամ խոսելու տեխնոլոգիական ոլորտում առկա խնդիրների, հնարավորությունների և կատարված աշխատանքի մասին:

« Նման ձևաչափը թույլ է տալիս ոլորտի ներկայացուցիչներին հանդիպել և երկխոսության, քննարկումների, ինչու ոչ, բանավեճերի արդյունքում հանգել կարևոր լուծումների, ձևավորել նոր համագործակցություններ, որոնց արդյունքում առաջ կգան նոր ծրագրեր, նոր գաղափաներ:  Համոզված եմ՝ միայն ուժերն ու նպատակները միավորելով և գործողությունների պլանը համադրելով, կարող ենք հստակ քայլերով առաջ շարժվել, հաջողություններ գրանցել, կայուն զարգացող էկոհամակարգ ստեղծել՝ Հայաստանը դարձնելով մրցունակ և ոլորտում ասելիք ունեցող տեխնո երկիր»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ կառավարությունը և ՏՏ ոլորտի ընկերությունները կառուցողական երկխոսություն են ծավալել։ Դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու Հայաստանի ջանքերին:

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանն իր հերթին ընդգծել է, որ ներդրումների աջակցման կենտրոնի առաջնահերթություններից է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործարար միջավայրն առավել բարենպաստ դարձնելու գործում։

Միջոցառման շրջանակում երեք պանելային քննարկումներ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և նախարարության Թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը:

Պետական և մասնավոր հատվածները ներկայացնող բանախոսներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջնային այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ որակավորված աշխատաշուկան, Հայաստանի բուհերում գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասնագիտացումներում կրթությունը, Հայաստանում տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգերի կատարելագործումը և այլն:

Նմանատիպ գրառումներ