Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ կառավարությունը և SADA-ն համատեղում են ջանքերը՝ կրթական համակարգի թվայնացման զարգացման համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական համաժողովի շրջանակում մարտի 10-ին ստորագրվել է Համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն կհամատեղեն ջանքերը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

SADA-ն ՀՀ կրթական համակարգում կապահովի նաև Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։

Բացի այս՝ SADA-ն ռեսուրսներ կտրամադրի նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար։ SADA-ն նաև կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ Google Workspace for Education Fundamentals ծառայությունների անվճար կիրարկման արտոնագիր  ստանալու հարցում՝  համապատասխան Google-ի որակավորման պայմաններին:

«Մենք կարևորում ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում, կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը»,-նշել է SADA-ի նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի, ինչպես նաև ՄԹ-ի և Իռլանդիայի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին:

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։

Նմանատիպ գրառումներ