Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հանդիպում և աշխատանքային քննարկում գիտնականների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և հանրապետության առաջատար բուհերի բնագիտական ոլորտում գիտահետազոտական և նորաստեղծական գործունեություն իրականացնող ավելի քան 20 գիտնականների հետ:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Սահակյանն ընդգծել է գիտական ներուժի դերը երկրի բարգավաճման, ոլորտի զարգացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում, նշել, որ գիտելիքահեն տնտեսության զարգացումը կարող է մեծապես նպաստել գիտության, բիզնեսի և պետության փոխգործակցության ակտիվացմանը։  Նախարարի տեղակալը գիտնականներին է ներկայացրել նախարարության ռազմավարությունը, իրականացվող ծրագրերն ու տեսլականը, որոնց հիմքում գիտելիքահեն տնտեսության զարգացման խթանումն է: Դավիթ Սահակյանն առաջարկել է գիտնականներին դիտարկել ուսանողների հետ փոքր ստարտափների ստեղծման, ոլորտային կոնֆերանսների կազմակերպման, այլ նախարարությունների հետ հեքեթոնների անցկացման, բուհերում տեխնոլոգիական ձեռներեցության առարկայի ներդրման, միջազգային փորձի օգտագործման հնարավորությունները:

ԲՏԱ նախարարության գիտատեխնիկական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Սարգսյանն էլ առաջարկել է Հայաստանի գիտատեխնիկական ներուժի և առաջնահերթությունների գնահատում իրականացնել, գիտական հաստատությունների և արտադրողների հետ համատեղ նախաձեռնել նորարարական և ստեղծագործ կրթական ծրագրերի մշակում:

Գիտնականները բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով, որոնք մասնավորապես վերաբերել են գիտական և բիզնես ծրագրերի իրականացմանը, գիտական աշխատանքների առևտրայնացմանը, գիտական աշխատանքների ֆինանսավորմանը, նորարարական տեխնոլոգիական մոտեցումների խթանմանը, երիտասարդ գիտական կադրերի բացակայության ու ոլորտի «ծերացման» խնդիրներին: Վերջիններս առաջարկել են, որ պետության կողմից հստակ խնդիրները ներկայացվեն գիտնականերին, գիտական խնդիրներ մշակվեն և առանձնացվեն՝ ըստ կարևորությունների և առաջնահերթությունների:

Քննարկվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և գիտնականների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման հարցը:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը  շնորհակալություն է հայտնել գիտնականներին մասնակցության համար և նշել, որ ներկայացված առաջարկները կդիտարկվեն շարունակական քննարկումների շրջանակում:

Նմանատիպ գրառումներ