Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Ռոբերտ Խաչատրյանը շնորհավորել է Պետր Պիրունչիկին նշանակման առթիվ  և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հաջորդիվ նախարարը դեսպանին է ներկայացրել  նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, թվայնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, «Ինժեներական քաղաք» ծրագրի նպատակը: Ռոբերտ Խաչատրյանը նաև ընդգծել  է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և Չեխիայի միջև արդեն իսկ արդյունավետ համագործակցություն է ձևավորված, որն ընդլայնելու մեծ ներուժ ունի։

Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ Հայաստան գալու առաջին օրվանից ցանկություն ուներ հանդիպելու կառավարության ներկայացուցիչների հետ և հաճելիորեն զարմացած է ԲՏԱ նախարարության արագ արձագանքից ։ Դեսպանը նաև հայտնել է, որ հասցրել է ծանոթանալ և պատկերացում կազմել նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, առանձնապես տպավորված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, տեղյակ է հայ ինժեներների բարձր որակավորումների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, ինժեներական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու, Չեխիայի Հանրապետությունում Թումոյի մասնաճյուղ բացելու  հնարավորությունները։

Ռոբերտ Խաչատրյանը և Պետր Պիրունչիկը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել առավելագույնս ընդլայնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության շրջանակները։

Նմանատիպ գրառումներ