Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանի և Էստոնիայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Էստոնիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հունվարի 17- ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են՝ «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Էստոնիայի Հանրապետության տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարության միջև նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ աջակցելով թվային տեխնոլոգիաների զարգացման գործում շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների փոխգործակցությանը ամպային տեխնոլոգիաների կիրառման և տվյալների դասակարգման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական գործունեություն իրականացնելու ուղղությամբ: Նպատակ է դրվել նաև աջակցել մեծ տվյալների վերլուծության ոլորտում գործակցությանը՝ խթանելով գիտելիքի փոխանցումը և կարողությունների զարգացումը՝ մասնավոր և պետական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներգրավմամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում ներկա է գտնվել նաև Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի և Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ հանդիպումներին, ինչպես նաև այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն:

Նմանատիպ գրառումներ