«Ուսանողական հաքաթոն» ծրագիր

Նկարագիր 

Ուսանողական երրորդ հաքաթոնն իրականացվեց 2026 թ մայիսի 12-15-ին Ծաղկաձորում: Այն կրթական և մրցութային ծրագիր է, որը միավորում է հայաստանյան բուհերի և կրթական կենտրոնների ուսանողներին՝ նորարարական գաղափարների մշակման, խնդիրների լուծման և տեխնոլոգիական լուծումների առաջ բերման նպատակով։

Ծրագիրը հիմնված է փորձառական ուսուցման մոտեցման վրա և համատեղում է կրթական ու գործնական բաղադրիչները։ Մասնակիցները թիմային ձևաչափով աշխատում են իրական կամ պայմանական խնդիրների շուրջ՝ մշակելով ստեղծարար և կիրառելի լուծումներ։

Հաքաթոնի ընթացքում մասնակիցներին աջակցում են փորձառու մենթորներ, ոլորտի մասնագետներ և փորձագետներ, որոնք ուղղորդում են թիմերին գաղափարի ձևավորման, նախագծի մշակման, ներկայացման և կատարելագործման փուլերում։

Հաղթող թիմերը որոշվում են գնահատող հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով ներկայացված լուծումների նորարարությունը, կիրառելիությունը, ազդեցությունը և ներկայացման որակը։

Ծրագիրը նաև նպաստում է ուսանողների միջև համագործակցության, մասնագիտական կապերի ձևավորման, փորձի փոխանակման և ձեռնարկատիրական մտածողության զարգացմանը։

Հաքաթոնը ներառում է դասախոսություններ, աշխատարաններ, մենթորական հանդիպումներ, թիմային աշխատանք և եզրափակիչ ներկայացումներ։

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է խթանել ուսանողների ստեղծարար մտածողությունը, նորարարական կարողությունները և գործնական հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով նրանց մշակել և ներկայացնել արդիական խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։

Թիրախային խումբը

«Ուսանողական հաքաթոն»-ին կարող են մասնակցել ԲՏՃՄ ուղղվածությամբ մասնագիտացում ապահովող ՀՀ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույցների ուսանողները:

Մասնակցության չափորոշիչները

Մասնակիցների ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով.

  • մոտիվացիան և հետաքրքրվածությունը ծրագրի նկատմամբ,
  • ստեղծարար և նախաձեռնողական մոտեցումը,
  • թիմային աշխատանքի հմտությունները,
  • ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք գիտելիքներն ու հմտությունները հետագայում կիրառելու ներուժն ու ակնկալիքը։

Մասնակցության պայմանները

Հաքաթոնն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Ապահովվում է մասնակիցների կեցությունը, սնունդը, միջոցառման շրջանակներում տեղափոխումը:

Դիմելու կարգը

Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:

Իրականացվում է հայտերի գնահատում և մասնակից թիմերի ընտրություն:

Ընտրված թիմերը հրավիրվում են մասնակցելու հաքաթոնին:

Լրացուցիչ տեղեկատվություն

«Ուսանողական հաքաթոնն» իրականացվել է ՀՀ ԲՏԱ նախարարության «Տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների զարգացում» միջոցառման «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում:

Հաքաթոնի եռօրյա աշխատանքներին մասնակցել է 100 ուսանող՝ 26 թիմ՝ Երևանի և մարզերի ուսումնական հաստատություններից:

Առաջադրանքները հետևյալ թեմաների շրջանակներում էին՝ «Հոգեկան առողջության տեխնոլոգիաներ», «Էներգիայի պահուստավորում», «Մարդ-մեքենայական ուսուցում», «Կայուն էներգակիր/էլեկտրոնային էներգակիր», «Նոր տեխնոլոգիաներ բնական աղետների, կլիմայական և եղանակային միջադեպերի կանխատեսման համար», «LCNC հարթակներ»:

Առաջին մրցանակին արժանացավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի «ArmaGatsotn» թիմը՝ ստանալով 1.5 մլն ՀՀ դրամ, երկրորդ մրցանակին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից «Հայ-Հիմք» թիմը՝ ստանալով 1 մլն ՀՀ դրամ, երրորդ մրցանակին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից «Sparta»» թիմը՝ ստանալով՝ կես մլն ՀՀ դրամ:

Ծրագրի ավարտին թիմերն իրենց նախագծերը ներկայացնում են գնահատող հանձնաժողովին, իսկ լավագույն լուծումների հեղինակներն արժանանում են դրամական և խրախուսական մրցանակների։

Հաքաթոնի բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր։

Կոնտակտային տվյալներ

Հեռ։  (010) 590175
Հասցե։ Վազգեն Սարգսյան 3/3, Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն
Էլ․ հասցե։ 
info@hti.am

Ո՞վ կարող է դիմել

ԲՏՃՄ ուղղվածությամբ մասնագիտացում ապահովող ՀՀ պետական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթություն ապահովող կառույցների ուսանողները

Ինչպե՞ս մասնակցել

Ծրագրին դիմելու համար լրացվում է հրապարակված հայտադիմումը և ներկայացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը: