Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը (մոնետիզացիան)

YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման, ինչպես նաև 2026թ գարնանից YouTube գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչի արդյունքում Հայաստանում գործող բովանդակություն ստեղծողներն այսուհետ հնարավորություն կունենան լիարժեք օգտվելու հարթակի դրամայնացման գործիքակազմից։

Այս զարգացումը ռազմավարական նշանակություն ունեցող քայլ է Հայաստանի թվային տնտեսության զարգացման և տեղական կոնտենտ արտադրողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։

Ծրագրի մեկնարկը կնպաստի հայկական մշակույթի, նորարարության և մեդիա բովանդակության միջազգային ներկայացվածության բարձրացմանը։

YouTube-ի դրամայնացումը միայն բովանդակության ստեղծում չէ, այն թվային ձեռներեցության նոր հարթակ է, որը հայ ստեղծագործողներին հնարավորություն կտա իրենց տաղանդը վերածել կայուն բիզնեսի՝ ստեղծելով եկամուտներ և նոր աշխատատեղեր: Դրամայնացման գործիքների հասանելիությունը կնպաստի վստահելի և որակյալ բովանդակության աճին՝ ամրապնդելով հասարակական դիմակայունությունը ապատեղեկատվության դեմ՝ բազմազան և պրոֆեսիոնալ ձայների միջոցով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ, որի արդյունքում հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված կլինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։

Նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ խորացնելու սերտ համագործակցությունը YouTube-ի,  համաշխարհային տեխնոլոգիական հսկաների և ամերիկյան գործընկերների հետ՝ ի նպաստ Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի։

YouTube-ի պաշտոնական հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://blog.youtube/new.../youtube-partner-program-armenia/։

Նմանատիպ գրառումներ