Մխիթար Հայրապետյանը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ
- Հրապարակվել է՝ 07/05/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Մամուլի հաղորդագրություն
- Պաշտոնական
«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետ՝ կարևորելով տարբեր երկրներից ժամանած, ինչպես նաև տեղացի երիտասարդների հետ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման տեսլականի շուրջ բովանդակային երկխոսությունը։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը։
Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորման, նորարարության խթանման, ստարտափների աջակցության, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին։
Անմիջական և բաց մթնոլորտում ընթացած հանդիպման զգալի մասը հատկացվել է հարցուպատասխանին։ Ծրագրի մասնակիցները բարձրացրել են մի շարք արդիական հարցեր՝ կապված տարածաշրջանային համագործակցության հեռանկարների, պաշտպանական արդյունաբերության զարգացման հնարավորությունների, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ապահովման մարտահրավերների հետ։
Քննարկվել են նաև ներդրումային միջավայրի բարելավման, տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական ընկերությունների մրցունակության բարձրացմանն առնչվող հարցեր։ Նախարարը կարևորել է մասնավոր հատվածի, պետության և կրթական հաստատությունների միջև սերտ համագործակցությունը։






