Նախարար Մխիթար Հայրապետյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ներկայացրել է ԱԲ զարգացման ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները
- Հրապարակվել է՝ 07/05/2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «ԱԲ ինքնիշխանություն և մասշտաբայնություն․ առաջատար տեխնոլոգիաների կառավարումը մրցակցային աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել արհեստական բանականության (ԱԲ) զարգացման և արդյունավետ կառավարման հարցերին, ինչպես նաև գլոբալ մրցակցության պայմաններում տեխնոլոգիական ինքնիշխանության ապահովման կարևորությանը՝ տեխնոլոգիական առաջընթացի, անվտանգության և ժողովրդավարական համակարգերի դիմակայունության համատեքստում։
Պանելային քննարկման ընթացքում նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է Հայաստանի կողմից NVIDIA և Firebird AI ընկերությունների հետ համագործակցությամբ արհեստական բանականության գործարանի ստեղծման նախաձեռնությանը՝ նշելով, որ արդեն ներկայացվել է ճանապարհային քարտեզ, որի շրջանակում նախատեսվում է ավելի քան 4 միլիարդ դոլարի ներդրում։ Նա ընդգծել է, որ ծրագիրը միտված է ոչ միայն հաշվարկային հզորությունների ստեղծմանը, այլև ԱԲ-ի համապարփակ և փուլային ներդրմանը Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում։
Նախարարը ներկայացրել է նաև «Հայաստանը՝ ԱԲ գործարանների պարտեզ» հայեցակարգը՝ ընդգծելով երկրի էներգետիկ ներուժը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է էներգետիկ ոլորտում ներդրումները՝ ապահովելով արտադրվող էներգիայի արդյունավետ օգտագործումը նաև ԱԲ տվյալային կենտրոնների գործունեության համար։
Նախարար Հայրապետյանի խոսքով՝ ինքնիշխան ԱԲ ձևավորելու համար անհրաժեշտ են ոչ միայն հաշվարկային հզորություններ, այլև պաշտպանված տվյալներ, մոդելների զարգացում և լեզվական միջավայրերի ձևավորում։ Այս ուղղությամբ պետությունն ու մասնավոր հատվածը սերտորեն համագործակցում են՝ նպատակ ունենալով փուլային կերպով իրականություն դարձնել այս տեսլականը։
Նախարարն առանձնացրել է երեք առաջնային ուղղություն՝ ներդրումներ մարդկային կապիտալի զարգացման մեջ, աջակցություն մասնավոր հատվածին և հանրային կառավարման բարեփոխումներ։ Կրթության ոլորտում կարևորվում է ԱԲ գործիքների ներդրումը և բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսների հասանելիությունը՝ AI Virtual Institute-ի միջոցով, որը համագործակցում է Amazon Web Services-ի և Firebird AI ընկերության հետ։
Մասնավոր հատվածում պետությունը խրախուսում է նորարարությունն ու հետազոտությունը՝ աջակցելով ընկերություններին անցում կատարել աութսորսինգից դեպի սեփական արտադրանքի ստեղծում, ինչպես նաև ապահովում է հաշվարկային ռեսուրսների հասանելիություն, իսկ հանրային կառավարման ոլորտում շեշտը դրվում է թվայնացման և ԱԲ լուծումների կիրառման վրա՝ խելացի կառավարման զարգացման նպատակով:
Նախարարն անդրադարձել է նաև ԱԲ կիրառմանը գիտական հետազոտությունների և զարգացումների ոլորտում՝ ընդգծելով, որ բարձր արտադրողականությամբ հաշվարկային հզորությունները կարող են էապես արագացնել նորարարական գործընթացները։




