Տեղեկատվական հանդիպումներ ուսանողների հետ․ ներկայացվել են նախարարության ծրագրերն ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման առաջնահերթությունները
- Հրապարակվել է՝ 22/04/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Նորությունների բաժին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկատվական հանդիպումներ է անցկացրել ուսանողների հետ: Գերատեսչության ներկայացուցիչներն այցելել են Ռուս-հայկական և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններ, իսկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հյուրընկալել են նախարարությունում:
Հանդիպումների նպատակն էր ներկայացնել ոլորտի զարգացման առաջնահերթությունները և երիտասարդների համար նախատեսված կրթական ու մասնագիտական հնարավորությունները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը և նախարարության այլ մասնագետներ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի առաջնահերթությունները՝ անդրադառնալով զարգացման ռազմավարական ուղղություններին և իրականացվող ծրագրերին։ Ենգիբարյանն ընդգծել է բուհերի հետ համագործակցության և ուսանողների ներգրավման կարևորությունը տեխնոլոգիական նախաձեռնություններում՝ նշելով, որ երիտասարդությունն է ապագա փոփոխությունների շարժիչ ուժը։
Նրա խոսքով՝ ներկայում նախարարությունը մշակում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարությունը, որի շրջանակում որպես առաջնահերթ ուղղություններ սահմանվել են արհեստական բանականությունը (AI), տվյալագիտությունը, մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունն ու բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական լուծումները և կայուն տեխնոլոգիաները։
Միջոցառումների ընթացքում նախարարության մասնագետները մանրամասն ներկայացրել են «Մասսայական ուսուցում», «Ուսանողական հաքաթոն», «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային, Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրերն ու «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» նախագիծը։ Ներկայացումներն ուղեկցվել են թեմատիկ տեսանյութերի ցուցադրությամբ և ուսանողների հետ ակտիվ քննարկումներով։
Ուսանողների ակտիվ ներգրավումը տեխնոլոգիական ծրագրերում նախարարության առաջնահերթություններից է, ինչով էլ պայմանավորված՝ տարբեր բուհերում իրականացվող տեղեկատվական հանդիպումները կրում են պարբերական բնույթ։







