Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են Ռև Լեբարեդյանին և Agile Robots ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ապրիլի 18-ին Ինժեներական քաղաքում հանդիպել են NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, ինչպես նաև արհեստական բանականության և ռոբոտաշինության ոլորտում գործող Agile Robots ընկերության պատվիրակությանը` ընկերության ղեկավար Չժաոպենգ Չենի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունն ու ընթացիկ ծրագրերը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։ Այդ համատեքստում նախարարն ընդգծել է պետություն-մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ այդ փոխգործակցությունը ձևավորում է բարձր տեխնոլոգիաների զարգացման միասնական և համակարգված տեսլական։
Խոսելով ոլորտի առաջնահերթությունների մասին՝ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ֆիզիկական արհեստական բանականությունը (Physical AI) Հայաստանի համար առաջնահերթ ուղղություն է։ Նրա խոսքով՝ այս դինամիկ զարգացող ոլորտում անհրաժեշտ է արագ համախմբել ռեսուրսները՝ ակտիվ միջազգային համագործակցության միջոցով՝ ապահովելով ոլորտի կայուն զարգացումն ու մրցունակությունը։
Ռև Լեբարեդյանը, անդրադառնալով Հայաստանի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն ուղղված է տաղանդների համախմբմանը և տեխնոլոգիական ներուժի հետևողական զարգացմանը։ Խոսելով արհեստական բանականության զարգացման տեմպերի մասին՝ ընդգծել է, որ այն արդեն լայնորեն կիրառվում է ֆիզիկական ռոբոտների ստեղծման և արտադրական գործընթացների վերափոխման մեջ, այդ թվում՝ մոդելավորման և սիմուլյացիոն տեխնոլոգիաների միջոցով։ Լեբարեդյանը բարձր է գնահատել նաև Հայաստանում ձևավորված տեխնոլոգիական միջավայրը՝ ընդգծելով առկա գործիքակազմի և ռեսուրսների նշանակալի ներուժը։
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է կրթության և գիտության դերը՝ ընդգծելով կրթական հաստատությունների միջև միջազգային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է ենթակառուցվածքների շարունակական բարելավման կարևորությունը՝ որպես նոր ծրագրերի իրականացման և ժամանակակից գիտակրթական միջավայրի ձևավորման հիմք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հնարավորությունները ֆիզիկական արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտներում՝ որպես ռազմավարական ուղղություններ։ Անդրադարձ է կատարվել նաև պետական աջակցության գործիքներին և մեխանիզմներին՝ նպատակ ունենալով բացահայտել զարգացման նոր ուղիներ և խթանել միջազգային համագործակցությունը։
Քննարկել են նաև գիտակրթական ներուժը, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանի գերհամակարգչի հնարավորությունները, GPU ռեսուրսների հասանելիությունը և «Firebird» նախաձեռնությունը։ Կարևորվել է ենթակառուցվածքների շարունակական զարգացումը՝ միջազգային տաղանդի ներգրավման և տեղական կարողությունների ամրապնդման տեսանկյունից, ինչպես նաև ԱԲ կիրառումը ռոբոտաշինության ոլորտում՝ ուսանողների համար նոր հետազոտական և գործնական հնարավորություններ ստեղծելու նպատակով։
Այցի շրջանակում պատվիրակությունը շրջայց է կատարել Ինժեներական քաղաքում՝ ծանոթանալով ենթակառուցվածքներին, լաբորատոր հնարավորություններին և տեխնոլոգիական միջավայրին։




