Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում».Մխիթար Հայրապետյանը ողջունել է RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսի ու ֆորումի մասնակիցներին

Հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել է տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական ոլորտների ներկայացուցիչներին, ընկերություններին, գիտահետազոտական կենտրոններին և ինժեներական թիմերին։

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ողջունելով ներկաներին` Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ մայիսին երեք ռազմարդյունաբերական ընկերություն արդեն արտահանել է ռազմական նշանակության արտադրանք երկու տարբեր մայրցամաքներ:

Նախարարը հիշեցրել է, որ ոլորտի իրական զարգացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին ընդունված ռազմավարական որոշումների, մասնավորապես՝ եռամյա ծրագրի շնորհիվ։ Ներկայացնելով Կառավարության նպատակները՝ նախարարն առանձնացրել է երեք հիմնական ուղղություն։

Առաջինը՝ ձևավորել զարգացած հայրենական ռազմարդյունաբերություն, որը կսպասարկի զինված ուժերի կարիքները և կապահովի տեխնոլոգիական ու նորարարական առաջընթաց։

Երկրորդը՝ նոր տնտեսության սեգմենտի ձևավորումն է՝ ռազմարդյունաբերությունը դարձելով տնտեսության նոր և արագ զարգացող ճյուղ։

«Ռազմական արդյունաբերությունն այսօր շուրջ 70 միլիարդի հասնող շրջանառություն է ձևավորել տնտեսության ներսում, և այն արդեն դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Ռազմարդյունաբերությունը կամ պաշտպանական արդյունաբերական պրոդուկտները կարևորագույն արտահանելի ճյուղ են դառնալու մեր տնտեսության համար և արդեն դառնում են»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ գործընթացները շարունակվում են, ռազմարդյունաբերական ոլորտը իրապես օրեցօր կայանում է` դառնալով տնտեսության կարևոր մի նոր ուժ։

Երրորդը՝ գիտության զարգացումն է, պետական պատվերների միջոցով կիրառական գիտական արդյունքների նկատմամբ գիտության համար ինդուստրիալ պահանջարկի ձևավորումը։ Սա գալիս է ամբողջացնելու շուկայական տնտեսություն - գիտություն փոխկապակցվածությունը՝ նպաստելով գիտության և արդյունաբերության միջև կապի ամրապնդմանը։

Նախարարն ընդգծել է, որ սա երկար ճանապարհի միայն սկիզբն է։ Առաջին եռամյա ծրագրի շրջանակում պետությունը պատվերների միջոցով ոլորտում ներդրել է 172 միլիարդ դրամ։ Բացի այդ, Կառավարությունը որոշում է կայացրել շարունակել երկարաժամկետ պայմանագրերի քաղաքականությունը՝ արդեն իսկ ամրագրելով շուրջ 190 միլիարդ դրամի նոր պատվերներ, որոնք առաջիկա տարիներին լրացուցիչ ներդրումներ կապահովեն տնտեսության և ռազմարդյունաբերության զարգացման համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը։  Նա ընդգծել է, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան զարգացնելու սեփական բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, քանի որ այն լոկոմոտիվ է ամբողջ տնտեսության համար։

«Հայկական արտադրանքը պետք է դառնա այն շարժիչ ուժը, որը կբարձրացնի Հայաստանի տնտեսության արտադրողականությունը, թույլ կտա մրցակցային առավելություններ ունենալ համաշխարհային տնտեսության մեջ»,- ասել է  Արմեն Բալդրյանը։

Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել մասնակից ընկերությունների և կազմակերպությունների ներկայացրած տեխնոլոգիական արտադրանքներին, նորարարական լուծումներին, ռազմարդյունաբերական մշակումներին և ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։

Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, նորարարական լուծումները, գիտական ձեռքբերումներն ու գաղափարները, ինչպես նաև նպաստել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը և ոլորտի հետագա զարգացմանը։

RISE Powered by Silicon Mountains 2026-ը կազմակերպվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միջոցառման կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը դրամաշնորհային ձևաչափով տրամադրել է շուրջ 60 միլիոն դրամ աջակցություն։

Միջոցառման պլատինե գործընկերն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ ոսկե գործընկերը՝ «Յունիքոմփ» ընկերությունը։

Նմանատիպ գրառումներ