Հանրային ոլորտի նորարարության III համաժողովում քննարկվել է Հայաստանի ԱԲ ապագան․ մասնակցել է նաև ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը
- Հրապարակվել է՝ 20/03/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող Հանրային ոլորտի նորարարության III համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Կերտելով Հայաստանի արհեստական բանականության ապագան. տեսլականից մինչև իրագործում» թեմայով պանելային ձևաչափով քննարկում, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Քննարկմանը մասնակցել են նաև «ԵրևաՆՆ» ընկերության տնօրեն Հրանտ Խաչատրյանը, Yandex Armenia & Georgia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Քննարկումը վարել է «CyHub Armenia»-ի ներկայացուցիչ Մարի Բարսեղյանը։
Տվյալ ձևաչափով քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) զարգացման հեռանկարներին, ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններին, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական համայնքի և պետական կառույցների համագործակցության կարևորությանը։
ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության մոտեցումները՝ ընդգծելով, որ արհեստական բանականության ուղղության այս պահին առաջնահերթությունը ոչ թե երկարաժամկետ կոշտ ռազմավարությունների մշակումն է, այլ արագ և ճկուն բազային գործողությունները։ Նրա խոսքով՝ Կառավարությունը կենտրոնացել է երեք հիմնական ուղղության վրա՝ ենթակառուցվածքների զարգացում, նորարարների աջակցություն և ԱԲ կիրառման համար տվյալների հասանելիության ընդլայնում։
Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ պետությունը ձգտում է ապահովել ժամանակակից հաշվարկային ենթակառուցվածքների հասանելիություն և ձևավորել «արհեստական բանականության գործարանների պարտեզ», որտեղ կարող են զարգանալ և տեղակայվել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային տեխնոլոգիական ընկերություններ։
Մանթաշյանն իր խոսքում նշել է, որ կարևոր ուղղություն է նաև ԱԲ նորարարների և մասնագետների «կրիտիկական զանգվածի» ձևավորումը։ Այդ նպատակով մեկնարկել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ նախաձեռնությունը՝ ai.gov.am, որի շրջանակում խրախուսվում են փորձարկումներն ու նոր լուծումների մշակումը՝ այդ թվում հաշվարկային ռեսուրսների հասանելիության միջոցով։
Անդրադառնալով տաղանդների խնդրին՝ Գևորգ Մանթաշյանը շեշտել է ներուժի լիարժեք դրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Պետությունը նախատեսում է խթանել ոլորտային ներգրավվածությունը՝ աջակցելով կրթական ու վերապատրաստման ծրագրերին և համալսարաններին:
Նախարարի առաջին տեղակալը նաև ընդգծել է, որ ԱԲ ներդրումը պետական կառավարման համակարգում դիտարկվում է որպես արտադրողականության բարձրացման կարևոր գործիք։ Այս համատեքստում արդեն նախաձեռնվում են նաև կարգավորող փոփոխություններ՝ ԱԲ լուծումների ավելի արագ գնման գործընթացը ապահովելու նպատակով։