Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մեկնարկել է «Ռոբոտների հաքաթոն»-ը. 36 թիմեր Հայաստանի բոլոր մարզերից կմրցեն նորարարական նախագծերով

Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած «Ռոբոտների հաքաթոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Եռօրյա միջոցառման նպատակն է խթանել ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացումը, ինչպես նաև ձևավորել նորարարական մտածողություն և խրախուսել թիմային աշխատանքը։

Մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և նորարարական լուծումների կյանքի կոչման համատեքստում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների ներուժի բացահայտմանը և ստեղծում հարթակ՝ գիտելիքն ու գաղափարները գործնական արդյունքների վերածելու համար։

Անդրադառնալով աշխատաշուկայի ժամանակակից միտումներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական բանականության դարաշրջանում միայն ծրագրավորման պարզ հմտություններն այլևս բավարար չեն։ Այսօր առավել կարևոր են ճարտարագիտական հիմնարար գիտելիքները, մաթեմատիկայի և ֆիզիկայի խորքային իմացությունը։ Նա նաև ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները հիանալի հնարավորություն են այդ կարողությունները զարգացնելու, ամուր հիմքեր դնելու ապագա խոշոր նախագծերի իրականացման և մասնագիտական համագործակցության ձևավորման համար։

Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում ընտրվել է 36 թիմ՝ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։ 

Հաքաթոնի ընթացքում մասնակիցներն աշխատելու են տարբեր ինժեներական խնդիրների լուծման ուղղությամբ՝ առաջարկելով նորարարական և կիրառելի գաղափարներ։  Թիմերի աշխատանքները գնահատելու են ոլորտի առաջատար մասնագետները։ Մասնակիցների հետ կաշխատեն նաև փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու դրանց տեխնիկական իրագործմանը։

Նմանատիպ գրառումներ