Նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի թվային օրակարգի առաջնահերթություններին և հեռանկարներին
- Հրապարակվել է՝ 09/04/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Երևանում կազմակերպված «Doing Digital Forum 2026»-ի շրջանակում անցկացված «Թվային ենթակառուցվածքներ և իրական տնտեսություն» խորագրով պանելային քննարկմանը:
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է Կառավարության առաջնահերթություններին և թվային օրակարգի իրագործման ճանապարհին առկա հիմնական մարտահրավերիներին։
Նա նշել է, որ թվային վերափոխման գործընթացը չի սահմանափակվում միայն հանրային ծառայությունների թվայնացմամբ, այլ ներառում է նաև տվյալների համակարգերը, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և տարբեր հարթակների փոխկապակցվածությունը։
Որպես ոլորտի առանցքային մարտահրավերներ և ռիսկեր՝ նախարարի տեղակալն առանձնացրել է կիբեռանվտանգությունը, որը նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության (ԱԲ) լուծումների ինտեգրմանը զուգահեռ դառնում է կենսական նշանակության հարց։ Կարևորվել է նաև մտավոր սեփականության պաշտպանությունը, որը տեխնոլոգիական առաջընթացի հիմնաքարն է, ինչպես նաև քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, քանի որ ցանկացած թվային լուծման հաջողություն կախված է հանրության՝ տեխնոլոգիական գործիքներից օգտվելու պատրաստակամությունից։
Անդրադառնալով առաջիկա հինգ տարիների տեսլականին՝ նախարարի տեղակալը նշել է, որ պետությունն ունի հավակնոտ ծրագրեր և հստակ ռազմավարություն՝ Հայաստանը որպես գիտահետազոտական (R&D) և տեխնոլոգիական առանցքային հանգույց դիրքավորելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիների նպատակն է ձևավորել փոխկապակցված թվային միջավայր, որտեղ նորարարությունները կծառայեն ի նպաստ քաղաքացիների բարեկեցության: