Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 20-ին այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ)։

Համալսարանի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել բուհում, ծանոթացել կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև հաստատության զարգացման առաջնահերթություններին։

Հանդիպման ընթացքում դոկտոր Պողոսյանը ներկայացրել է ՀԱՀ-ի ընթացիկ նախագծերը, ռազմավարական առաջնահերթություններն ու զարգացման ծրագրերը։ Նախարար Հայրապետյանը ծանոթացել է գիտահետազոտական գործունեության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև նոր կրթական ծրագրերին, որոնք նախատեսվում է իրականացնել Զավէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի կողմից։ Կողմերը քննարկել են համալսարանի և նախարարության միջև համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով կրթության դերն ու նշանակությունը հետազոտության և տեխնոլոգիական զարգացման ոլորտներում։

Մխիթար Հայրապետյանը, կարևորելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ընթացքն ու որակական նոր փուլը, ընդգծել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի առանցքային դերակատարությունը։ Նախարարը կարևորել է համագործակցության ակտիվացումը արևմտյան առաջատար համալսարանների հետ՝ համատեղ բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի իրականացման նպատակով՝ ապահովելով կրթության որակի շարունակական բարձրացում և միջազգային մրցունակության ամրապնդում։

Այդ համատեքստում նախարարը հատուկ անդրադարձել է ՀԱՀ-ի դերին ուսանողների փափուկ հմտությունների (soft skills) զարգացման գործում՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված կերպով խթանել քննադատական մտածողության, արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդության կարողությունների ձևավորումն ու զարգացումը։

Դոկտոր Պողոսյանը ներկայացրել է հետազոտական կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ակտիվ հետազոտական օրակարգ ունեցող նոր դասախոսական կազմի ներգրավումը, դասախոսների առաջխաղացման կանոնակարգերի վերանայումը՝ գիտահետազոտական գործունեությունը խթանելու նպատակով, ինչպես նաև դասավանդման ծանրաբեռնվածության թեթևացումը։

Նոր կրթական նախաձեռնությունների համատեքստում ՀԱՀ նախագահը նշել է համակարգչային գիտության և տնտեսագիտության ոլորտներում դոկտորական (Ph.D.) ծրագրերի հնարավոր մեկնարկի մասին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նախարարության աջակցությամբ խթանելու համագործակցությունը նշված նախաձեռնությունների շրջանակում։

Նմանատիպ գրառումներ