ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը Հունաստանում ստորագրել է փոխըմբռնման հուշագիր թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
- Հրապարակվել է՝ 18/02/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Նորությունների բաժին
- Պաշտոնական
ՀՀ նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է մի շարք պաշտոնական հանդիպումների։
Այցի շրջանակներում՝ փետրվարի 18-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և գիտահետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենցոպուլոսը։
Փաստաթուղթը նախատեսում է համատեղ հետազոտական նախագծերի իրականացում, պետական-մասնավոր գործընկերության խթանում, ինչպես նաև թվային փոխակերպման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների զարգացում։
Հուշագրով նաև հնարավորություն է ստեղծվում ամրապնդելու համագործակցությունը 5-րդ սերնդի տեխնոլոգիաների (5G), արհեստական բանականության (ԱԲ), ամպային տեխնոլոգիաների, թվային կառավարման, բիոտեխնոլոգիաների, գերհամակարգչային լուծումների, մի շարք այլ ոլորտներում՝ նպաստելով երկու երկրների տեխնոլոգիական էկոհամակարգերի զարգացմանը և նորարարական ներուժի ընդլայնմանը։
Փոխըմբռնման հուշագիրը երկկողմ բանակցության արդյունքում առաջնահերթությունների սահմանման հետևանք է և հետագա համագործակցության զարգացման կարևոր քայլ` բարձր տեխնոլոգիաների և թվային օրակարգի առաջմղման ուղղությամբ։
Այցի շրջանակում նախատեսված են նաև բարձր մակարդակի հանդիպումներ Հունաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Կքննարկվեն համագործակցության ընդլայնման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, կիբեռանվտանգության և գիտատեխնիկական հետազոտությունների ոլորտներում։

