Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հանրային ոլորտի նորարարության III համաժողովի շրջանակում քննարկվել են Հայաստանում ԱԲ ռազմավարության և գրագիտության ձևավորման հարցերը

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի ԿԶՆ նորարարության կենտրոնի կողմից կազմակերպված Հանրային ոլորտի նորարարության III համաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Արհեստական բանականության ռազմավարության և գրագիտության շրջանակը Հայաստանի համար» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ռազմավարական շրջանակի և ԱԲ գրագիտության քաղաքականության ձևավորման ընթացքին, ինչպես նաև դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ, տեխնոլոգիական և կրթական պայմաններին։

Պանելային քննարկման ընթացքում Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք առանցքային են հանրային ծառայությունների արդիականացման, տնտեսական մրցունակության բարձրացման և գիտական կարողությունների զարգացման համար։

Նա նշել է, որ Կառավարության ուշադրության կենտրոնում ենթակառուցվածքների զարգացումն է, ինչը հնարավորություն կտա ԱԲ տեխնոլոգիաներ ներդնել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է Երևանի պետական համալսարանի գերհամակարգիչը, որը գիտահետազոտական կազմակերպություններին, ուսանողներին ու հետազոտողներին թույլ է տալիս իրականացնել մրցունակ հետազոտություններ։ Հայաստանի տեխնոլոգիական անկախության տեսանկունից ռազմավարական նշանակություն ու նպատակ ունեն նաև Firebird և Eleveight AI նախագծերը, որոնք միտված են բարձր հզորությամբ հաշվարկային և տվյալների մշակման միջավայրի ստեղծմանը։

Նախարարի տեղակալի պնդմամբ՝ ԱԲ-ն կարող է արդյունավետ կիրառվել միայն այն դեպքում, երբ տվյալները կանոնակարգված են, գործընթացները՝ հստակ սահմանված, իսկ պատասխանատվության մեխանիզմները՝ գործուն։ Այս առումով աշխարհում ամենապատրաստված ուղղություններից մեկը համարվում է հարկային վարչարարությունը, որտեղ արդեն երկար տարիներ կիրառվում են տվյալների վրա հիմնված մեթոդներ, առկա են հստակ չափելի արդյունքներ և վերահսկողության կայացած համակարգեր։

Մյուս կարևոր ոլորտը, որտեղ ԱԲ-ն անհրաժեշտություն է,  կիբեռանվտանգությունն է։ Այս ոլորտում արդեն այսօր անհնար է աշխատել առանց ավտոմատացված մշտադիտարկման, սկանավորման և սպառնալիքների վերլուծության։ Տվյալների ծավալն այնքան մեծ է, որ միայն մարդկային ռեսուրսներով հնարավոր չէ ապահովել անհրաժեշտ արագությունը։ Այդ պատճառով ԱԲ-ի կիրառումը այստեղ ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, մեր մոտեցումն այն է, որ նույնիսկ այս դեպքում վերջնական վերահսկողությունը պետք է մնա մարդու մոտ, իսկ ավտոմատացված համակարգերը պետք է գործեն հստակ սահմանված կանոնների շրջանակում։

Երրորդ ուղղությունը հանրային ծառայությունների ոլորտն է։ Հայաստանն անցում է կատարում մի մոդելի, որտեղ ծառայություններից օգտվելն իրականացվում է թվայնացված եղանակով, իսկ թղթային փաստաթղթերը փուլ առ փուլ փոխարինվում են թվային տվյալներով։ Այս միջավայրում ԱԲ-ն կարող է կիրառվել գործնական նպատակներով՝ քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրելու, դիմումները ճիշտ ուղղորդելու և փաստաթղթերի ավտոմատ մշակման համար։

Նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացումն ու հասարակության շրջանում թվային գրագիտության բարձրացումը՝ ընդգծելով, որ այդ համատեքստում ՀՀ ԲՏԱՆ-ը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցում է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնության նպատակն է տարբեր կրթական մոդելների մշակման և փորձարկման միջոցով նորարարական ու անհատականացված ուսումնական լուծումներ տրամադրել Հայաստանի մարզերի բնակիչներին՝ զարգացնելով նրանց թվային գիտելիքները, ԱԲ գրագիտությունը, կիբեռանվտանգության հմտություններն ու փափուկ հմտությունները։

Նմանատիպ գրառումներ