Եվրասիական տնտեսական համաժողովին նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է «ԱԲ վիրտուալ ինստիտուտ» նախագիծը
- Հրապարակվել է՝ 02/06/2026
- Թեմաներ
- Կարևոր
- Հայտարարություն
- Մամուլի հաղորդագրություն
- Նորություն
- Պաշտոնական
Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացել է 5-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որի շրջանակում Միջազգային Alem AI արհեստական բանականության կենտրոնում կազմակերպվել է ԵԱՏՄ անդամ պետությունների թվային ձեռքբերումների և տեխնոլոգիական նորարարությունների ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։
ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացրել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտում իրականացվող առաջատար նախագծերն ու լուծումները։
«Հայաստան» տաղավարում ելույթով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ ներկայացնելով «Պատասխանատու ԱԲ» խորագրով շնորհանդեսը։ Նա անդրադարձել է Հայաստանի կողմից արհեստական բանականության պատասխանատու զարգացման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանը, ոլորտի զարգացման ռազմավարական տեսլականին, ինչպես նաև ներկայացրել նախարարության կարևորագույն նախաձեռնություններից մեկը՝ «ԱԲ վիրտուալ ինստիտուտ» հարթակը։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են նաև եվրասիական տնտեսական ինտեգրմանը նպաստող թվային գործիքներ և լուծումներ, ներառյալ ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հնարավորությունները, որը հանդիսանում է միության թվային ինտեգրման տեխնոլոգիական հիմքերից մեկը։