Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Նախագահին այցի ընթացքում ուղեկցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և կենտրոնի գործունեությանն է ծանոթացրել Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:Հանդիպմանը ներկա է եղել նաև Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը: 

Այցի ընթացքում նախագահ Ռինկևիչսին ներկայացվել է Թումո կրթական մոդելը, դրա ունեցած ազդեցությունը Հայաստանում և իրականացվող միջազգային ընդլայնման ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող կրթական, տեխնոլոգիական և տարածաշրջանային զարգացման մի շարք ծրագրերի։ Մասնավորապես, ներկայացվել է EU TUMO Convergence Center-ը՝ կիրառական գիտությունների և տեխնոլոգիաների կրթահետազոտական համալիրը, ինչպես նաև ԵՄ «Resilient Syunik» նախաձեռնության շրջանակում ստեղծված Թումո Կապան կենտրոնը։ Խոսվել է նաև Gyumri Market & Culinary School նախագծի մասին, որի շրջանակում վերականգնվում է Գյումրու պատմական շուկան և ստեղծվում խոհարարական կրթական կենտրոն։

Այցի ավարտին Թումո կենտրոնի կինոդահլիճում տեղի է ունեցել Նախագահի հանդիպումը հայ երիտասարդների, այդ թվում՝ Թումո Լաբերի շուրջ 25 ուսանողների հետ։ Հանդիպումն անցել է անմիջական մթնոլորտում, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Նախագահին։ Քննարկման առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տեխնոլոգիաների և կրթության ոլորտում Լատվիայի հաջողված փորձին առնչվող թեմաներ:

Նմանատիպ գրառումներ