Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուսանողական հաքաթոնն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող թիմերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող Ուսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքները։

Հայաստանի տարբեր բուհերից ձևավորված 26 թիմեր ներկայացրել են տեխնոլոգիական նորարարական լուծումներ՝ մրցելով գլխավոր մրցանակների համար։ Գնահատող հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ լավագույն լուծումներ առաջարկած 3 թիմերը պարգևատրվել են։

Մրցութային աշխատանքները գնահատվել են մի շարք չափանիշների հիման վրա՝ նորարարություն, արդիականություն, իրագործելիություն, կենսունակություն և ներկայացման որակ։

Առաջին մրցանակին արժանացել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների «Արմագածոտն» թիմը՝ ստանալով 1.5մլն դրամ։

Երկրորդ մրցանակը ստացել է «Հայ Հիմք» թիմը, իսկ երրորդը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Սպարտա» թիմը, որոնք համապատասխանաբար պարգևատրվել են 1մլն և 500 հազար դրամ գումարներով։

Նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը նշել է, որ այս օրերին Ծաղկաձորը համախմբել էր Հայաստանի տարբեր բուհերի տասնյակ շնորհալի ուսանողների, որոնք մենթորների աջակցությամբ մշակել և ներկայացրել են իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները։ Նա ընդգծել է, որ թիմերն աշխատել են նախարարության կողմից սահմանված ռազմավարական առաջնահերթ ուղղությունների շրջանակում, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին առավել անմիջականորեն հաղորդակից դառնալ ոլորտի զարգացման պետական մոտեցումներին և նպատակներին։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը կոչ է արել մասնակիցներին հավատալ սեփական գաղափարներին և շարունակել առաջ տանել դրանք։ Նա ընդգծել է, որ Հայաստանի մրցակցային առավելությունը մարդկային միտքն ու ստեղծարար ներուժն է, իսկ նորարար գաղափարների շնորհիվ հնարավոր է հասնել մեծ հաջողությունների։

Մրցութային հանձնաժողովի անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սիրաս Հակոբյանը մասնակիցներին հորդորել է չընկրկել անհաջողություններից և շարունակել հավատալ սեփական գաղափարներին՝ ընդգծելով, որ հաջողության հիմքում համառությունն ու նպատակասլացությունն են։ Նա կարևորել է հատկապես հաքաթոնի ընթացքում ձեռք բերված փորձառությունն ու գիտելիքները։

Միջոցառումը միավորել էր տարբեր բուհերի ուսանողների, ոլորտի մասնագետների և մենթորների՝ նպաստելով համագործակցության, փորձի փոխանակման և նոր տեխնոլոգիական նախաձեռնությունների ձևավորմանը։

Նմանատիպ գրառումներ