Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Գրենոբլում հայկական պատվիրակությունը հանդիպել է Soitec ընկերության ղեկավարությանը

Գրենոբլ կատարած աշխատանքային այցի շրջանակում, շարունակելով հանդիպումները, նոյեմբերի 13-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Soitec ընկերության ղեկավարության հետ՝ գլխավոր գործադիր տնօրեն Պիեռ Բարնաբեի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կիսահաղորդչային ոլորտում համագործակցության հնարավորությունները, ներդրումների աջակցությունը և տեխնոլոգիական նորարարությունների զարգացումը։

Նախարար Հայրապետյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը  ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, պետական առաջնահերթությունները և ոլորտի զարգացման ուղիները՝ ընդգծելով համատեղ նախաձեռնությունների, փորձի փոխանակման և տեղական մասնագետների ներգրավման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների և գործընկերության շարունակական զարգացումը, ինչպես նաև քննարկել են առաջիկա նախագծերի և համագործակցության հնարավոր ուղիները։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ կիսահաղորդչային ոլորտում երկկողմանի համագործակցությունը խորացնելու և Հայաստանում նորարարական տեխնոլոգիաների ու ներդրումների իրականացմանն աջակցելու ուղղությամբ։

Soitec ընկերությունը մասնագիտացած է կիսահաղորդչային նյութերի (substrate) արտադրության մեջ և համարվում է համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը։ Ընկերությունը ստեղծում է բարձր արդյունավետությամբ և էներգախնայող կիսահաղորդչային նյութեր, որոնք լայնորեն կիրառվում են 5G, ավտոմոբիլային, «Իրերի համացանց» (IoT) և այլ առաջատար տեխնոլոգիական ոլորտներում։

Նմանատիպ գրառումներ