Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Հայաստանի Հանրապետության
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Կիսահաղորդիչներ և ներդրումային հեռանկարներ. Ռուբեն Սիմոնյանը մասնակցել է Yerevan Dialogue 2026-ի պանելային քննարկմանը

«Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի շրջանակում անցկացվել է «Կրիտիկական օգտակար հանածոներ, կիսահաղորդիչներ և Հարավային Կովկասը՝ որպես ներդրումային նոր հարթակ» («Critical Minerals, Semiconductors, and the South Caucasus as an Investment Frontier») խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Քննարկման առանցքում էին կիսահաղորդիչների և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման միտումները, տեխնոլոգիական ներդրումները, ինչպես նաև գլոբալ մատակարարման շղթաներում Հարավային Կովկասի ընձեռած հնարավորությունները։ 

Պանելային քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման առանցքային գործոններն են միջազգային համագործակցությունը, առաջատար տեխնոլոգիաների հասանելիությունը և երկարաժամկետ ենթակառուցվածքային ներդրումները։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ձեռնարկված կարևոր քայլերից է ՀՀ կառավարության և «Firebird AI» ընկերության միջև ստորագրված պայմանագիրը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել արհեստական բանականության ենթակառուցվածքները և ապահովել ժամանակակից հաշվարկային ռեսուրսների հասանելիություն: 

Սիմոնյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ տեխնոլոգիական նոր հնարավորությունների ստեղծման, տեղական ներուժի բացահայտման և առաջատար լուծումների հասանելիության ընդլայնման ուղղությամբ։ Նախարարի տեղակալի խոսքով՝  իրականացվող նախաձեռնությունները միտված են ոչ միայն ենթակառուցվածքների ձևավորմանը, այլև գիտական համայնքի, ստարտափների և նորարարական թիմերի համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև միջազգային տեխնոլոգիական և ներդրումային ոլորտների ներկայացուցիչներ, որոնք անդրադարձել են տարածաշրջանային գործակցությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարներին:

Նմանատիպ գրառումներ